Ժաննա Անդրեասյանն իրանցի գործընկերոջն առաջարկել է դիտարկել համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թեհրանում հանդիպել է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալի Օմիդիի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի զարգացման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև գործընկերությունն ունի խորքային նշանակություն ոչ միայն կրթության և մշակույթի, այլև սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է լավագույն փորձի փոխանակումը և շահագրգռված է համատեղ նախաձեռնությունների շարունակական զարգացմամբ։
Անդրադառնալով համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և փորձի փոխանակումը: Կարևորվել է հատկապես սպորտի ոլորտի կառավարման, ֆեդերացիաների գործունեության կազմակերպման, մարզական ենթակառուցվածքների զարգացման ու մարզիկների աջակցման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն, և այս համատեքստում ողջունել է իրանցի մարզիկների մասնակցությունը այդ մրցաշարերին:
«Նման մրցաշարերին մասնակցությունը դառնում է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության խթանման հավելյալ հնարավորություն՝ ներգրավելով բազմաթիվ մարզասերների: Նման միջոցառումները հրաշալի առիթ են մարդկանց միջև կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու առումով»,- ասել է նա:
Անդրադարձ է եղել նաև շախմատի զարգացմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանն առաջին երկիրն է, որը շախմատի ուսուցումը՝ որպես պարտադիր առարկա, ներառել է հանրակրթական դպրոցներում:
Ահմադ Դոնիամալի Օմիդին բարձր է գնահատել հայաստանյան պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ Իրանը կարևորում է սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման շարունակականությունը։ Նա ընդգծել է հատկապես շախմատի բնագավառում հայաստանյան փորձի ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրությունը: Անդրադարձ է եղել նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, ձյուդո մարզաձևերում համագործակցության խորացման հնարավորություններին: Նրա դիտարկմամբ՝ տարբեր մրցաշարերում հայ և իրանցի մարզիկների մասնակցությունը նպաստում է ոչ միայն մարզական արդյունքների բարձրացմանը, այլև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալի Օմիդիի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երիտասարդության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների և Իրանում գործող երիտասարդական տների միջև համագործակցության հաստատման, ինչպես նաև համատեղ երիտասարդական ֆորումների անցկացման հնարավորություններին վերաբերող հարցերի:
Կարծիքներ