ՀԵԱՀ-ը մեկնարկել է երեխաների շրջանում ասթմայի հետազոտության և արդյունավետ վարման նպատակով համապետական ծրագիր
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը մեկնարկել է համապետական ծրագիր՝ ուսումնասիրելու ասթմայի և ալերգիաների տարածվածությունը Հայաստանի երեխաների շրջանում և ներդնելու ասթմայի ախտորոշման և վարման ապակենտրոնացված մոդել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը։
Ծրագրի մեկնարկը տրվել է այսօր՝ մայիսի 7-ին՝ Ասթմայի համաշխարհային օրը, որի շրջանակներում բացվել է առաջին մարզային կենտրոնը Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
«Հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի միջև ստորագրվելիք հուշագրի հիման վրա՝ շուրջ 15,000 երեխաների շրջանում իրականացվելու է հետազոտություն, որն ընդգրկելու է Հայաստանի բոլոր մարզերը: Բացի դրանից, առաջին փուլում հինգ մարզերում կհիմնենք համապատասխան կենտրոններ՝ Ասթմայի վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման, ինչպես նաև դինամիկ վարման նպատակով»,- նշել է Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը պարզաբանել է. «Ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունն է ամբողջ աշխարհում և իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական խնդիր և կազմակերպչական, և ֆինանսական տեսանկյունից: Այս հիվանդությունների տարածվածությունն աճում է, մինչդեռ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, ինչպիսիք են հիվանդությունների թերի կամ ուշ ախտորոշումը, ասթմայի բուժման համար օգտագործվող դեղորայքի անկանոն հասանելիությունը Հայաստանում և այլն: Այս ամենը հանգեցնում է հաճախակի հոսպիտալացումների և մեծացնում բարդությունների ռիսկը, ինչպես նաև առողջապահական ծախսերը»:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են․
ՀՀ մարզերում զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ, ստեղծված մարզային 5 կենտրոններում ապահովել մասնագիտական և տեխնիկական աջակցության համակարգ՝ հետագայում ողջ Հայաստանում ընդլայնելու նպատակով։
Ասթմայի ախտորոշման և վարման տեղայնացված ուղեցույցի ստեղծում միջազգային ուղեցույցների և տվյալ էպիդեմիոլոգիական հետազոտության արդյունքների հիման վրա։
Ասթմայի ախտորոշման միջոցառումների ծախսի հաշվարկ առաջնային բուժօղակում:
Ասթմայի վերահսկման և սրացումների դեղորայքի հստակ հաշվարկ ամբողջ հանրապետությունում:
Դեղորայքի տրամադրման արդյունավետ համակարգի ներդնում, որը կգործի հնարավորինս ապակենտրոնացված սկզբունքով՝ հիմնական կենտրոնի համակարգման ներքո:
Պիլոտային ծրագրի բարձր արդյունավետության և ծախսարդյունավետության դեպքում մոդելի տարածում ամբողջ հանրապետությունում։
Երկարաժամկետ առումով սպասվում է վաղ միջամտության արդյունքում բարդությունների ռիսկի նվազեցում նաև մեծահասակ տարիքում:
Ստեղծվող ենթակառուցվածքները կծառայեն նաև այլ շնչառական խնդիրների վարման ու բուժման նպատակներին:
Նշվում է, որ ծրագրի տևողությունը երկու տարի է, որի առաջին տարվա ընդհանուր արժեքը շուրջ 41.000.000 դրամ է։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախատեսում է հոգալ նշված ողջ ծախսը գործընկեր-դոնորների օգնությամբ, որոնց մասին կհաղորդվի առաջիկայում։
Կարծիքներ