Ինչպես է կողմնորոշվում ԼՂ հակամարտությունում ներքաշված Փարիզը. հոդված Intelligence Online-ում

Ինչպես է կողմնորոշվում ԼՂ հակամարտությունում ներքաշված Փարիզը. հոդված Intelligence Online-ում

Ֆրանսիական Intelligence Online պարբերականը հոդված է հրապարակել «Ինչպես է կողմնորոշվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներքաշված Փարիզը» վերնագրով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ից։  

Հոդվածի ոչ պաշտոնական թարքմանությունը ներկայացվում է ստորև։

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններն այս պահի դրությամբ ի չիք են դարձրել Ադրբեջանում  ֆրանսիական ռազմարդյունաբերող խմբերի հույսերը։ Սակայն Բաքուն հույսը չի կորցնում Փարիզում աջակցություն գտնելու հարցում։

Լեռնային Ղարաբաղում ընթացող ադրբեջանական և հայկական ուժերի առճակատումն արգելակել է Բաքվին աջակցող ֆրանսիական շրջանակների բոլոր հեռանկարները։ Թեև երկկողմ հարաբերությունները չէին փայլում կայունությամբ, Փարիզը միշտ երազում էր Ադրբեջանին ռազմանավեր, տիեզերական արբանյակներ, մինչև իսկ հակաօդային պաշտպանության հրթիռային Eurosam համակարգեր վաճառել։ Բայցևանյպես, բազմաթիվ ընկերություններ վաղուց են իրենց դրոշը բարձրացրել Բաքվում։ Եվ նրանց արտադրած սարքավորումներն այսօր առաջնագծում են։ Օրինակ «Թալես»-ը 2011-ին Ադրբեջանի կողմից գնված T-90 տանկերն արդիականացնելու համար էլեկտրոնային տեխնիկա է մատակարարել։ Իսկ «Սաֆրան»-ն ադրբեջանական օդուժին պատկանող ուղղաթիռների համար մատակարարել է օպտոէլեկտրոնիկայի համակարգեր։ Եվ սակայն ֆրանսիական սարքավորումներն իրենց քանակով զիջում են Ադրբեջանի հսկայաքանակ զենքի մատակարարներ Իսրայելի և Թուրքիայի սարքավորումներին, մասնավորապես ԱԹՍ-ների հարցում։ Թուրքական TB-2 ԱԹՍ-ներն իսրայելական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի (խանգարումներ կիրառող) անօդաչուների ուղեկցությամբ հարվածում էին հայկական կողմի ռուսական արտադրության ԶՀՀ ՕՍԱ-ԱԿ-ներին։ Նույնիսկ Վաշինգտոնն է սկսել զինամթերքի վաճառքի պայմանագրեր կնքել Բաքվի հետ։

 

Ադրբեջանը փնտրում է ճգնաժամն ի նպաստ իրեն լուսաբանող ընկերություն

 

Փարիզի նյութատեխնիկական ներգրավվածությունը Բաքվին հույս էր ներշնչել, որ Փարիզը հանրային և մեդիա դաշտում ավելի ուժեղ կպաշտպանի իր դիվանագիտական դիրքերը, սակայն ապարդյուն։ Ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանն այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում նորից հանրային կարծիքի վրա ազդելու ընկերություն է փնտրում։ Այդ գործը հանձնարարված է Ֆրանսիայում նախկին դեսպան և փոխնախագահ ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի խորհրդական Էլչին Ամիրբեկովին։ Սակայն բավականին բարդ է պատերազմական այս օրերին գտնել մի ընկերություն, որը կհամաձայնի աշխատել հանրային գործարքներում թափանցիկության կարգը չհարգող այդ երկրի համար: La Lettre A թերթը 2019թ․ անդրադարձել էր Ադրբեջանի հետ ունեցած պայմանագրի պատճառով տհաճ պատմության մեջ ընկած ընկերություններին։ Ներկայում Բաքվի հույսը Փարիզում փաստաբան Օլիվիե Պարդոն է։ 2019թ․ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես Իլհամ Ալիևի հետ առևտրային գործարքների հովանավորչությամբ էր զբաղվում։

 

Հայկական շահերը

 

Նույնիսկ Շառլ Ազնավուրի մահից հետո Փարիզում Երևանը կարող է հենվել հայկական սփյուռքի ավանդական աջակցության վրա։ Հայաստանը Ֆրանսիայում ունի բարձրաստիճան միջնորդներ, իսկ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը տարածաշրջանում ֆրանսիական ընկերությունների («Թալես», «Արևա» և այլն) նախկին ներկայացուցիչն է։

Փարիզում Հայաստանին խորհրդատվություն է տրամադրում Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար և վարչապետ Բեռնար Կազնյովի մամուլի նախկին խորհրդական Կլարա Պոլ Զամուրի ղեկավարած Angie խորհրդատվական ընկերության OPS (Opinion, Personalities and Strategy) մասնաճյուղը։ Մի ժամանակ Լեռնային Ղարաբաղի (ինքնավար) Հանրապետության փարիզյան ներկայացուցչությունը հենվում էր A+Conseils ընկերության վրա, որի հիմնադիրը Քրիստել Ալամիշելն էր իր մտերիմ ընկերոջ, լրագրող Ժան-Մարկ Սիլվեստրի հետ։ Հայաստանին աջակցում է նաև նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ով Հայաստանի պետական հետաքրքրությունների Ֆոնդ (ANIF) կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ի դեպ, նրա նախկին խորհրդականներից Սիհամ Արբիբը ժամանակին հակառակորդ Ադրբեջանին էր խորհրդատվություն տրամադրում։ Դոմինիկ դը Վիլպենը մասնավորապես օգնել է ANIF-ի նախագահ Դավիթ Փափազյանին՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովում Արցախի Հանրապետության ճանաչմանն ուղղված օրինագիծ ներկայացնելու գործում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում