Մեկնարկում է Սևանից արդյունագործական նպատակներով սիգի որսի ծրագրի 2-րդ փուլը
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է 2021 թվականի համար սկսել Սևանա լճից ձկան ու խեցգետնի արդյունագործական նպատակներով որսի ծրագրի երկրորդ փուլը: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։
«Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում արդյունագործական նպատակներով որսի իրականացման գործընթացը առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։ 2020 թվականից Սևանում մեկնարկեց արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձնական ծրագիրը: 2020-ին Շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել են 255 պայմանագրեր, 236 տոննա սիգի որս իրականացնելու համար»,- ասաց Պետրոսյանը:
Նրա տեղեկացմամբ, այդ ընթացքում իրականացվել է մշտադիտարկման, տվյալների հավաքագրման եւ ամփոփման աշխատանքներ: «Այդ ժամանակահատվածում Սեւանից որսացել են 204 տոննա սիգ: Հաշվի առնելով այդ ամենը նախարարությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել փորձարարական որսի երկրորդ փուլը:
Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2021 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ համաձայն ԳԱԱ հաշվառման տվյալների, Սևանա լճում սիգի ընդհանուր ծավալը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը մոտ 586,2 տոննա է:
«2021 թվականի արդյունագործական որսի համար առավելագույն քանակ է սահմանվել 250 տոննա: Ըստ նախագծի ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ եւ ավելի ցանցավանդակներով: Որսն իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար»,-ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործողությունները միտված են Սևանում ձկնորսությամբ զբաղվողների բնականոն գործունեությունը ապահովելու համար:
Կարծիքներ