Երևանում 1000 գազել արդեն դուրս է եկել շահագործումից, մնում է փոխել ևս 300֊ը. Նիկոլ Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացնման ուղղությամբ Կառավարության ներդրումը որքա՞ն է, ե՞րբ կարող ենք ունենալ ամբողջովին բարեփոխված մայրաքաղաքային տրանսպորտ, ինչպես նաև՝ ի՞նչ պատկեր կունենանք առաջիկայում վերելակների արդիականացման ուղղությամբ:
Արձագանքելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Երևանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա, ընդ որում՝ ինչո՞ւ 700, ինչո՞ւ ոչ՝ 2000: Ամբողջ խնդիրը նրանում է, որ պետությունը, ըստ էության, գումար տվողն է, գործը հիմնականում իրականացնում է մասնավոր հատվածը: Մենք կուզենք մեկ տարում ամբողջը փոխել, բայց նախ արտադրողը պետք է պատրաստ լինի այդքան վերելակ արտադրել, այդքանը պետք է ներմուծվի, պետք են մասնագիտական կարողություններ, ովքեր հինը կհանեն, նորը կտեղադրեն, անվտանգ մեխանիզմ կստեղծեն և այդպես շարունակ: Ավել անելը կա՛մ անհնար է, կա՛մ դժվար, կա՛մ որակի վրա ազդելու է անպայման»,- նկատեց Փաշինյանը և վստահեցրեց, որ 2026 թվականի դրությամբ դրանք գոնե 80-90 տոկոսով փոխարինված կլինեն, և մենք այդ խնդիրը կփակենք:
Նա նաև հայտնեց, որ 2017 թվականի նկատմամբ 2 միլիարդ դոլարով ավելացել է բյուջեն, և Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հսկայական միջոցներով աջակցել և շարունակում է աջակցել. «Բոլոր ծրագրերը մեծ հաշվով իրականացվել են Կառավարության աջակցությամբ»:
Ինչ վերաբերում է տրանսպորտային համակարգի արդիականացմանը, նա նշեց.
«Այս պահի դրությամբ Երևանում կա մոտ 300 գազել՝ «հուսահատության գազել», որը ընդհանուրի ընդամենը 30 տոկոսն է: Երբ նոր ավտոբուսները ներկրվեն, ենթադրում եմ, որ շատ ավելի փոքր բաժնեմաս կմնա, և մեկ-երկու տարվա ընթացքում դրանք ընդհանրապես դուրս կգան երթևեկությունից»:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ միայն ավտոբուսներով խնդիրը չի լուծվում: «Տեղյակ եք նաև որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքներն են սկսվում, նախագծման աշխատանքներն են ընթանում, կրկին Կառավարությունն է պատվիրել նախագիծը և ֆինանսավորելու է շինարարությունը»,- ասաց նա:
Կարծիքներ