Ինչպես Ադրբեջանն է մեզ համար վերացնում տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք. Փաշինյան

Ինչպես Ադրբեջանն է մեզ համար վերացնում տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք. Փաշինյան

«Ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը, և դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով»:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությանը:

«Ըստ էության, մենք դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունենք, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունենք, բայց իմ հայտարարությունը վերաբերում է բոլոր ուղղություններին, որովհետև կարող է պարզվել, որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա, և մենք դահլիճային պայմաններում չենք արձանագրում, այսինքն՝ ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացնում է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները:

Իհարկե, այս հայտարարությունը որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք և ամբողջական, այսինքն՝ կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենն իրականացնել»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: 

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում