Դարի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 40 սմ-ով կբարձրանա
Գլոբալ տաքացման ամենասարսափելի հետեւանքներից մեկը համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումն է։ NASA-ի վերջին գնահատականներով՝ եթե տարբեր ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների քանակությունը չնվազի, ապա Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցե վահանների հալչելը կհանգեցնի 2100 թվականին ծովի մակարդակի 38 սանտիմետրով բարձրացման, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։
NASA-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը ղեկավարել է միջազգային նախագիծ, որին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ։ ISMIP6 կոչված նախագիծը (սառցե վահանների համեմատական մոդելավորման նախագիծ) ստեղծվել է ավելի լավ հասկանալու, թե որքանով աղետալի կլինի սառցե ծածկույթի հալչումը։ Միջազգային խմբի աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ Գրենլանդիայի ահռելի սառցե ծածկոցը կարող է 2100 թվականին 8-ից մինչեւ 27 սանտիմետրով բարձրացնել ծովի գլոբալ մակարդակը։ Իսկ Անտարկտիդայի ընդարձակ սառցե վահանները հարյուրամյակի վերջին պոտենցիալ կարող են ծովի մակարդակը բարձրացնել 3-ից մինչեւ 28 սանտիմետր։ Գիտնականները աշխատանքի ընթացքում հայտնաբերել են նաեւ, որ XX դարի ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է գրեթե 15 սանտիմետրով։ Հիմա այս գործընթացը 2 անգամ արագացել է։
Cryosphere ամսագրում հրապարակված նոր տվյալները հետազոտողներին օգնում են կատարել սառցե վահանների հալչելու որակյալ գնահատական։ «Ամենամեծ բացերից մեկը, երբ խոսքն առնչվում է նրան, թե ապագայում ծովի մակարդակը որքան կբարձրանա, այն է, թե ինչ ավանդ կբերեն սառցե վահանները»,- ասել է նախագծի ղեկավար Սոֆի Նովիցկին։
Գիտնականներն իրենց աշխատանքում մոդելավորել են նաեւ արտանետումների նվազագույն մակարդակով իրավիճակը։ Գրենլանդիայի սառցե վահանի դեպքում դա կհանգեցներ ծովի մակարդակի 3-9 սանտիմետրով գլոբալ բարձրացման։ Անտարկտիդայում գործընթացները հասկանալն ավելի դժվար է։ Գիտնականների խոսքով՝ բացառված չէ տարբերակը, որ արտանետումները կարող են հանգեցնել նաեւ ջրի մակարդակի «նվազման»։
Կարծիքներ