ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ զինված ուժերը հուլիսի 19-ին հարվածային անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի մի քանի քաղաքների և շրջանների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի քան 20 դրոն հարվածել է Օդեսային տարբեր ուղղություններից։

Քաղաքի ղեկավար Գենադի Տրուխանովի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բռնկվել է հրդեհ բնակելի բարձրահարկ շենքերից մեկում, որտեղից փրկարարները մարդկանց են դուրս բերել կրակի ծուղակից։ Օդեսայի շրջանի վարչակազմը հայտնել է մեկ զոհի և երեք վիրավորի մասին։

Նույն գիշեր հարձակման է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքը։ Տարածաշրջանի ղեկավարի տվյալներով՝ ռուսական կողմը կիրառել է ինչպես հրթիռներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր։ Հարվածների հետևանքով վնասվել են հրշեջ բաժանմունք, արդյունաբերական օբյեկտներ և բնակելի շինություններ։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չեն հաղորդվում։

Ռուսական ուժերը թիրախավորել են նաև Խերսոնը․ երկու քաղաքացի վիրավորվել է։ Սումիի շրջանն էլ ենթարկվել է զանգվածային հրթիռային և դրոնային հարվածների։ Ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ, վնասվել են բնակելի շենքեր։ Նախնական տվյալներով՝ Սումիում տուժածներ չկան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում