ՀՀ վարչապետը հստակ հայտարարել է՝ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը․ Իրանի դեսպան

ՀՀ վարչապետը հստակ հայտարարել է՝ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը․ Իրանի դեսպան

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված Սյունիքի ճանապարհի հնարավոր վերահսկողության արտապատվիրակման հետ, մասնավորապես ԱՄՆ-ին կամ այլ երկրին, դեսպանը նշել է՝ այն, ինչ ասել են Հայաստանի իշխանությունները, այն է եղել, որ ցանկացած ապաշրջափակում տեղի կունենա ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։

«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող»,- ընդգծել է Սոբհանին։

Իրանը տարածաշրջանում երրորդ ուժերի հնարավոր ներգրավման պայմաններում, ունի՞ մտահոգություն:

Պատասխանելով հարցին՝ Սոբհանին պատասխանել է. «Ոչ, դա նույնպես լրատվամիջոցների ենթադրություն է։ Վարչապետի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ առաջարկներ եղել են։ Բայց ենթադրությունների հիման վրա դիրքորոշում ներկայացնել ճիշտ չէ։ Այն, ինչ մենք գիտենք և ինչի մասին ասել են ՀՀ պաշտոնյաները, այն է, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում