Մարդկանց վստահությունը կառույցի հանդեպ աշխատողների շնորհիվ է, նրանց համար միևնույն է՝ ով է ղեկավարը. ԱԻ նախարար

Մարդկանց վստահությունը կառույցի հանդեպ աշխատողների շնորհիվ է, նրանց համար միևնույն է՝ ով է ղեկավարը. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացին գիտի, որ 911 զանգելով՝ իր խնդիրը լուծում է ստանալու, քանի որ ԱԻՆ աշխատակիցները երբեք միայնակ չեն թողնում իրենց կարիքը զգացող մարդկանց. դրա համար է, որ փրկարարի նկատմամբ Հայաստանում կա մեծ վստահություն:

ԱԻ նախարարի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

- Պարո՛ն նախարար, 2 տարի է, ինչ ԱԻՆ համակարգում եք: Խնդրում ենք արձանագրել, թե այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել ազգաբնակչության համար ամենակարևոր նախարարություններից մեկում:

- Ամենակարևոր փոփոխություններից մեկը տեխնիկապես ԱԻ համակարգի կառույցների հագեցվածությունն ապահովելն է եղել և շարունակում մնալ: Մարզային վարչությունները համալրել ենք անօդաչու թռչող սարքերով, ինչը էապես հեշտացնում է մեր աշխատանքը, մանավանդ որոնողական աշխատանքներ կատարելիս: Վերջին տարիների ընթացքում փրկարար ծառայողների աշխատավարձերն են բարձրացվել, ինչը մինչ 2018 թվականի հեղափոխությունը տեղի չէր ունեցել: Սա շարունակական գործընթաց է. հնարավորության դեպքում կրկին աշխատավարձերի բարձրացում կլինի: Նաև նշեմ, որ ԱԻ նախարարության աշխատակիցները պարբերաբար ստանում են հասանելիք հավելավճարներ:

- Նշեցիք, որ նախարարության կառույցները տեխնիկապես հագեցվում են: Մասնավորապես ՀՀ ո՞ր մարզերում է առավել շատ զգացվում հրշեջ մեքենաների կարիքը: Խնդրում ենք նաև նշել, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում կառույցը տեխնիկապես է՛լ ավելի զինելու ուղղությամբ:

- Ցավոք, բոլոր մարզերն էլ ունեն ժամանակակից տեխնիկայի խնդիր, դրանց մի մասը 80-ականների է: Տեխնիկապես հագեցած է Երևանը և մի քանի այլ խոշոր քաղաք, մնացած մարզերում դեռ հին տեխնիկա է օգտագործվում, ինչը դժվարացնում է աշխատանքը: Նախ, ահազանգերին մի փոքր դանդաղ ենք արձագանքում, ծախսն էլ է շատ. հին մեքենաները շուտ են շարքից դուրս գալիս, դրանք վերանորոգելու համար հավելյալ գումար ենք ծախսում: Տեխնիկապես վերազինելու ծրագիր կա արդեն 4 մարզի համար՝ Արագածոտն, Կոտայք, Արմավիր և Արարատ: Գումարը պետք է հատկացնի ՀՀ կառավարությունը: Այժմ այդ ծրագրի իրականացման համար ինտենսիվ քննարկումներ ենք իրականացնում: Նշեմ նաև, որ տեխնիկայի որոշ քանակ նվիրել են մեր ճապոնացի գործընկերները, նվիրատվություն ունենք ՌԴ-ից. վերջերս 6 «Ուրալ» մեքենա են նվիրել:

- Երևանի՝ տեխնիկապես առավել հագեցված լինելը պայմանավորված է առավել շատ ահազանգերո՞վ:

- Այո՛, քանի որ մեծ քաղաք է, բնակչությունը շատ է, ահազանգերը, բնականաբար, նույնպես շատ են:

- Մեկ օրվա ընթացքում միջինում որքա՞ն ահազանգ է ստանում ԱԻՆ-ը, որո՞նք են ամենատարածված ահազանգերը և ո՞ր մարզերն են ամենաակտիվը:

- Ամենից շատ ահազանգերն ստանում ենք Երևանից, մարզերից Լոռին, Արարատն ու Արմավիրն են ակտիվ: Օրական միջինում 4 հազար ահազանգ ենք ստանում, որից մոտավորապես 2 հազարը բաժին է հասնում մայրաքաղաքին: Եվ ցանկանում եմ շեշտել, որ մենք բոլոր զանգերին սպասարկում ենք, թեկուզ տվյալ ահազանգը կապ չունենա նախարարության հետ: Մեր օպերատորները տվյալ զանգը փոխանցում են այն պատկան մարմիններին, որոնց հետ առնչվում է տվյալ խնդիրը: Իսկ ահազանգերը հիմնականում նույն բնույթի են, լինում են կենցաղային. օրինակ՝ դուռը չի բացվում, մարդ է փակված մնացել վերելակում, ամռանը, եղանակի հետ պայմանավորված, ակտիվացել են օձերը: Ինքնասպանության փորձերի ահազանգերը նույնպես շատ են, բնականաբար, նաև հրդեհների:

- Հրդեհները հիմնականում մարդկանց անուշադրության, անփութության հետևանքո՞վ են գրանցվում:

- Շատ են դեպքերը, երբ մարդիկ հատուկ այրում են աղբավայրերը: Դրանով քաղաքացիները մոխրացնում են աղբը, որպեսզի չմաքրեն այն, հետո տեղը նոր աղբ են լցնում:

- ԱԻՆ-ում կեղծ ահազանգներ ևս շատ են լինում. տարեկան կտրվածքով՝ քանի՞ նման ահազանգ եք ստանում:

- Երբ կեղծ ահազանգեր են լինում, դրանք նաև խափանում են մեր աշխատանքը, քանի որ աշխատակիցները ի սկզբանե չգիտեն՝ ահազանգը կե՞ղծ է, թե՞ ոչ: Սակրավորները և կինոլոգիական խումբը մեկնում են նշված վայր, ժամանակ է վատնվում: Տարվա ընթացքում 1000-ից ավելի այդպիսի դեպք է արձանագրվում:

- Կարծում ենք՝ զավեշտալի ահազանգեր նույնպես ստանում եք: Պատմեք, խնդրում ենք, դրանց մասին:

- Ճգնաժամային ազգային կենտրոնի օպերատորին մեկ անգամ զանգել էին և ավիատոմսի արժեք հարցրել: Բնականաբար, օպերատորը չէր իմացել, չէր կարողացել տեղեկությունը փոխանցել, ինչը քաղաքացու դժգոհությունն էր առաջացրել, ասել էր՝ ինչպե՞ս կարող եք դուք չիմանալ: Սա նաև այն բանի հետևանքն է, որ շատերն ուղղակի չգիտեն ԱԻՆ-ի կոնկրետ գործառույթները: Նաև մի դեպք էր եղել, երբ մի տարեց կնոջ հարևանները զանգել, կանչել էին մեր աշխատակիցներին, քանի որ խուսափել էին պառկած տիկնոջը կողաշրջել: Մեր աշխատակիցները, բնականաբար, գնացել էին, կողաշրջել նրան, հարցրել էին տատիկից՝ արդյոք հարմա՞ր է այդ դիրքով, ասել էր՝ այո: Քիչ անց կրկին հարևանները զանգել, ասել էին՝ նորից եկեք. տատիկը նեղվում է դիրքից: Այսպիսի դեպքերը շատ են լինում, սակայն կրկին նշեմ, որ մեր փրկարարները միշտ պատրաստակամ են իրենց աշխատանքում: Եվ ամենակարևորն այն է, որ փրկարարի նկատմամբ կա մեծ վստահություն. քաղաքացին գիտի, որ 911 զանգելով՝ իր խնդրի լուծումը ստանալու է. մեր աշխատակիցները երբեք միայնակ չեն թողնում իրենց կարիքը զգացող քաղաքացիներին:

- Պարո՛ն նախարար, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, քննչական մարմինների հաղորդագրությունների համաձայն, կալանավորվեց կոռուպցիոն գործի շրջանակներում. արդյոք այս փաստը չնվազեցրե՞ց կառույցի հանդեպ քաղաքացիների վստահությունը:

- Քաղաքացիները նախարարությանը վստահում են հիմնականում աշխատակիցների շնորհիվ. գնահատում են մեր փրկարարների և մյուս աշխատակիցների աշխատանքը: Երբ փրկարարը ժամանակին գնում և օգնում է մարդկանց, նրանք այդ պահին չեն մտածում՝ ով է նախարարը կամ որևէ այլ պաշտոնյա:

- Իսկ կադրերի խնդիր ունե՞ք:

- Մեր շարքերն անընդհատ համալրվում են: Ցավոք, լինում են դեպքեր, երբ մեր աշխատակիցները լքում են աշխատանքը տարբեր պատճառներով, բայց այդ դուրս եկած աշխատակիցների տեղը համալրելու համար բավականին շատ դիմողներ կան: Օրինակ՝ սովորական հրշեջ փրկարարի 1 հաստիքի համար ունեցել ենք մինչև 70 դիմում: Այս աշխատանքը պահանջված է. հիմնականում երիտասարդներն են հետաքրքրված փրկարարի աշխատանքով:

- Հայաստանում վերջին շրջանում բավականին շատ են գրանցվում երկրաշարժեր, և նկատելի է, որ դրանց ժամանակ մարդիկ խուճապի են մատնվում, համենայն դեպս սոցիալական ցանցերը այդ մասին են վկայում: Այստեղ կարող ենք ասել, որ այդ խուճապի հիմնական գործոնը արտակարգ իրավիճակներում մարդկանց դրսևորման կանոններին չտիրապետելն է: Այս մասով ի՞նչ քայլեր է իրականացնում նախարարությունը:

- Հանրային հեռուստաընկերությամբ ունենք «911» հաղորդումը, որը հեռարձակվում է ամեն ուրբաթ, այն կրթական բաղադրիչ ունի: Ներկայացվում է, թե տարբեր աղետների ժամանակ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Այս աշխատանքներում ներգրավում ենք նաև լրագրողներին, նյութեր են պատրաստում իրազեկման թեմաներով, մրցույթին հաղթողները հավաստագրեր են ստանում: Մանկապարտեզներում և դպրոցներում մենք ունենք մասնագետներ, որոնք ուսուցիչների հետ վերապատրաստումներ են իրականացնում, աշակերտների հետ էլ «տարհանում» խաղն է անցկացվում, որ երեխաները ամեն պահի պատրաստ լինեն դպրոցը կամ մանկապարտեզը լքելուն: Հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ պարբերաբար հանդիպումներ է ունենում տարեցների համար նախատեսված տուն-ինտերնատների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոնների աշխատակիցների հետ: Այո՛, եթե քաղաքացին իրազեկված չէ, ապա մենք խնդիրներ կարող ենք ունենալ:

- Մասնավորապես Բավրայի տարածքում վերջին մեկ տարվա ընթացքում երկրաշարժի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը: Արդյոք հնարավո՞ր է՝ այս փոքր ցնցումները մի օր վերածվեն մեծ երկրաշարժի, ինչպես նաև հնարավո՞ր է մեծ ցնցումը նախապես կանխատեսել:

- Բավրայի այդ տարածքը կոչվում է Ջավախքյան խզվածք, այն ակտիվ գոտի է, և երկրաշարժերը պարբերաբար շարունակվելու են: Իհարկե, մենք չենք կարող երկրաշարժի օրը, ժամը կամ ուժգնությունը կանխորոշել, բայց որոշ հանգամանքներ սեյսմոլոգներին և երկրաբաններին թույլ են տալիս վերլուծել և պատկերացում կազմել՝ կա՞ էներգիայի կուտակում և տեսականորեն հնարավո՞ր է այդ հատվածում սպասել ուժեղ երկրաշարժի, թե՞ ոչ:

- Աստված մի արասցե, այսօր Հայաստանը պատրաս՞տ է ուժեղ երկրաշարժի կամ որևէ այլ աղետի: Օրինակ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ տարրական թաքստոցի խնդիր ունենք. այդ հարցի լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

- Այդքան էլ պատրաստ չենք: Երկրաշարժին պատրաստ լինելու առաջին պայմաններից մեկը սեյսմակայուն շենքեր կառուցելն է և մարդկանց պատասխանատվության ու գիտակցության բարձրացումը: Հասարակության իրազեկման մասով արդեն ասացի, որ քայլեր ձեռնարկում ենք: Իսկ, օրինակ, սեյսմիկ շենքերի կառուցման մասով երբեմն լինում են շեղումներ: Մինչ շենքը կառուցելը՝ ԱԻ մասնագետներն ուսումնասիրում են դրա սեյսմակայունությունը և տալիս եզրակացություն: Լինում են դեպքեր, երբ այդ եզրակացությունը բացասական է լինում, քանի որ նորմերը պահպանված չեն լինում: Իսկ թաքստոցների մասով մենք համագործակցում ենք համայնքների հետ. մաքրման աշխատանքներ են իրականացվում: Արձանագրել ենք բազում խնդիրներ թաքստոցների մաքրության և շատ այլ հարցերի հետ կապված: Համայնքին ենք դիմել, մաքրել են դրանք, սակայն մի քանի ամիս անց կրկին նույն պատկերն է եղել. քաղաքացիները աղտոտել են թաքստոցները, որոնք հիմնականում շենքերի նկուղային հարկերն են: Դեպքեր են եղել, երբ փականներ են տեղադրել դրանց վրա, հետագայում որպեսզի չօգտագործվեն: Մարդիկ պետք է բարձր գիտակցություն ունենան. չէ՞որ այդ ամենը հենց իրենց ապահովության համար է արվում:

- Պարո՛ն Փամբուխչյան, վերջերս հայտնի դարձավ, որ նախագիծ է մշակվում, ըստ որի՝ ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որի մի մասն էլ կազմելու է արտաքին գործերի նախարարությունը: Որպես ԱԻ նախարար՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ստեղծվելիք կառույցի և ԱԻՆ-ի՝ դրա մի մասը դառնալու վերաբերյալ:

- Գնահատական դեռ չեմ ցանկանում տալ, քանի որ քննարկումներ են ընթանում: Որքան տեղյակ եմ, հանրային լսումներ են կազմակերպվելու այս թեմայով: Մեր մասնագետները նույնպես ներգրավված են գործընթացների մեջ: Քանի դեռ դրանք չեն ավարտվել, ես չեմ ցանկանում այս մասին խոսել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում