Քննարկվել են «Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները և որակավորումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրերի մշակման աշխատանքային խմբերի հետ։
Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը։
Քննարկվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների, մասնավորապես «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները և շնորհվող որակավորումները։
Աշխատանքային խմբերին ներկայացվել է ՀՀ որակավորումների ազգային, որակավորումների ոլորտային շրջանակների և բարձրագույն կրթական ծրագրերի համապատասխանության, ինչպես նաև բուհերի կողմից իրականացվող կրթական ծրագրերի վերանայման ու արդիականացման անհրաժեշտության հարցերը։
Նախատեսվող աշխատանքը նպատակաուղղված է բարեփոխել բարձրագույն կրթական ծրագրերի բովանդակությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային պահանջներին։
Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության դերը մասնագետների պատրաստման հարցում, նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է լինի հետազոտահենք, այն չպետք է հիմնված լինի միայն հմտությունների կամ գիտելիքի վրա։
Հանդիպմանն արծարծվել են նաև բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր: Քննարկման մասնակիցները բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող մի շարք հարցեր և ստացել դրանց պատասխանները:
Քննարկման արդյունքում հստակեցվել է «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» Որակավորումների շրջանակների բնութագրերի մշակման համար նախատեսված ժամկետները։
Կարծիքներ