Մակրոնի հեռախոսային դիվանագիտությունը․ ինչ են քննարկել Պուտինը, Մակրոնն ու Բայդենը

 Մակրոնի հեռախոսային դիվանագիտությունը․ ինչ են քննարկել Պուտինը, Մակրոնն ու Բայդենը

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Բելառուսը և Ռուսաստանը որոշել են երկարաձգել համատեղ զորավարժությունները, ինչպես հայտարարել է Մինսկը, «միութենական պետության արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված»։

Ռուս-բելառուսական զորավարժությունները սկսվել են փետրվարի 10-ին և նախատեսվում էր ավարտել կիրակի օրը՝ փետրվարի 20-ին։ Բելառուսի իշխանությունները պնդում էին, որ զորավարժություններից հետո ռուսական զորքերը կլքեն երկիրը, սակայն այժմ ասում են, որ «Միութենական պետության արձագանքման ուժերի փորձարկումը կշարունակվի»։

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները նշում են, որ վերջին օրերին ուկրաինացի զինվորականները փորձում են գրոհել իրենց դիրքերը։ Երկուշաբթի գիշերը լուրեր տարածվեցին, թե ուկրաինական բանակի հրետակոծության պատճառով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ավերվել է բնակելի շենք։ Կիևը հերքում է հրետակոծության մասին պնդումները՝ մեղադրելով ռուսամետ անջատողականներին և նրանց աջակցող Մոսկվային սադրանքների մեջ՝ էսկալացիայի համար պատրվակ ստեղծելու համար։

Միևնույն ժամանակ, բնակիչները շարունակում են տարհանվել Դոնբասից. միայն Դոնցկի իշխանությունները հայտարարել են մոտ 700,000 մարդու Ռուսաստան տարհանելու մասին: Փախստականների աճող հոսքի պատճառով Ռոստովի և Վորոնեժի մարզերում արտակարգ ռեժիմ է հայտարարվել։

Այս ֆոնին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան մեկուկես ժամ։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ երկու երկրների ղեկավարները «հաստատ պարտավորություններ են ստանձնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ էսկալացիայից խուսափելու, ռիսկերը նվազեցնելու և խաղաղությունը պահպանելու համար»։

Փարիզը հայտնել է, որ Պուտինն ու Մակրոնը երկուշաբթի օրը պայմանավորվել են Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբի հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի մասնակցությամբ։


ՌԴ նախագահը Մակրոնի հետ զրույցում ասել է, որ Դոնբասում էսկալացիայի պատճառը ուկրաինական ուժայինների սադրանքներն են, և որ Ուկրաինան զենքով մղում է Կիևին խնդրի ռազմական լուծման գնալ։ Արդյունքում՝ գնդակոծությունից փախչող խաղաղ բնակիչները տարհանվում են Ռուսաստան, հավելել է Պուտինը։

Ավելի ուշ ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը հայտնել է, որ կիրակի օրը Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել։

ՌԴ նախագահի հետ խոսելուց հետո Մակրոնը զրուցել է նախագահ Բայդենի հետ։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ Պուտինն ու Բայդենը ընդունել են Ֆրանսիայի ղեկավարի առաջարկը՝ Եվրոպայում անվտանգության հարցերով գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ Բայց, ինչպես ընդգծում է Ելիսեյան պալատը, գագաթնաժողովը կկայանա միայն այն պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում