Հուլիսի 19-ին Վարդավառ է
Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 19-ին։ Աստծո Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո, այն Սուրբ Ծննդի, Մկրտության, Սուրբ Հարության, Սբ. Աստվածածնի Վերափոխման և Խաչվերաց տոների հետ համարվում է Հայ Առաքեյական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։
Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, իսկ նրան հաջորդող երկուշաբթի Մեռելոց է` հանգուցյալների հիշատակի օր։
Տոնի անվանումը, ամենայն հավանականությամբ, «վարդ» արմատի հետ կապ ունի և կապված է վարդաջուր լցնելու ավանդույթի հետ, որը հետագայում փոխարինվել է սովորական ջրով:
Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապվում էր հայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով` Աստղիկը ողջ Հայաստանում սեր էր սփռում, իսկ կրակի աստված Վահագնը Չարի հետ հավերժական պայքարում, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։
Տոնի ավանդույթներն ու սովորույթները
Ժողովրդի մեջ Վարդավառի օրը, բացի ջուր ցողելոց, ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն, որը նա երեք անգամ բաց է թողել տապանից։
Մեկ այլ սովորույթի համաձայն, այդ օրն ընդունված է հագուստը և վարսերը ծաղիկներով զարդարել, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրվա ուրախությունը։
Արդեն հաստատված կանոներով, Վարդավառին ընդունված է ջրով ցողել բոլոր պատահական անցորդների վրա։ Դա ողջույնի յուրօրինակ դրսևորում է, երբ գործի են դրվում ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` դույլերը, բաժակները, շշերը, անգամ ջրային ատրճանակները։ Եվ այստեղ ոչ մի վիրավորանք չկա, հակառակը, համարվում է, որ ջուրն այդ օրը բուժիչ հատկություն ունի։ Այդ պատճառով, եթե ձեզ ջրել են, ապա դա ձեզ միայն օգուտ և հաջողություն կբերի։
Կարծիքներ