Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 23-ին Երևանում ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը:

Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարևորության միջոցառման:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաև նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝ հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, և այստեղ շատ մեծ է բարձր տեխնոլոգիական ընկերությունների դերը:

2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս:

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը, այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության ֆինանսավորումը 80 և ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրություն անցնելու իրողությանը, ինչպես նաև 2022 թ. պաշտպանական արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին:

Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին և մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսության թռիչքաձև զարգացմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների և ոլորտով հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները և փորձեր ձեռնարկելու՝ այդ միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում