Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

«Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է: Մենք ունենք ստանձնած պարտավորություններ՝ կատարելու միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նշել, որ միջազգային պայմանագրերը լինում են տարբեր՝ երկկողմ և բազմակողմ։
«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում: Կողմն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը, և հետո դա դառնա պարտադիր կատարման ենթակա:
Ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն՝ այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին:
Չեմ կարող ասել՝ դա կճանաչվի հանրային կարգին հակասո՞ղ, թե՞ ոչ։ Ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում․ ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր»,- մանրամասնել է Գալյանը։
Ստոկհոլմի արբիտրաժը, ըստ նրա, չէր կարող որևէ այլ նպատակ արձանագրել:
«Մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի քննության հետ»,- եզրափակել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Կարծիքներ