«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ կնքվել են պայմանագրեր

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ կնքվել են պայմանագրեր

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ինչպես նաև ստեղծել կամ ամրապնդել միջազգային համագործակցությունները:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը ներկայացրել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նախապատմությունն ու առաքելությունը: «2011 թ.-ին երիտասարդների մեծ խումբ իրականացրեց լայն հանրային արշավ, ինչի արդյունքում ստեղծվեց ԵԳԱԾ-ը, որի շնորհիվ 11 տարի շարունակ երիտասարդ գիտնականներին տրվում է 100 միլիոն դրամի աջակցություն: ԵԳԱԾ-ն օրինակ է նրա, թե ինչպես կարող է համայնքն ինքնակազմակերպվել, նախաձեռնություն առաջ քաշել և, ի վերջո, հասնել արդյունքի»,- նշել է Արթուր Իշխանյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե ԵԳԱԾ-ի գործունեության հիմքում դրված են եղել կարևոր սկզբունքներ, որոնցից մեկն այն է, որ ԵԳԱԾ-ի փորձագիտական խորհուրդը գործում է բացարձակ ինքնուրույն: «ԵԳԱԾ-ի գաղափարախոսության հիմքում դրվել է փորձնական ծրագրերի գաղափարը: Հաջողության դեպքում դրանք տեղափոխվում են ավելի մեծ շրջանակներ: Այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել նման օրինակներ: Հիշեք, դուք այս ծրագրի առաքյալներն եք: Որքանով կհաջողեք դուք, այդքանով կհաջողի ԵԳԱԾ-ը, կհաջողի մեր պետությունը, և այդքանով մենք առաջ կշարժվենք»,- ասել է Արթուր Իշխանյանը:

Ծրագրի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի ասպիրանտ, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են մեծ քանակությամբ հայտեր: Նրա խոսքով՝ ստացվել է 42 հայտ, ծրագրի բյուջեով հնարավոր է եղել ֆինանսավորել 15-ը: Ֆինանսավորված հայտերի մոտ 20 տոկոսը հումանիտար գիտությունների ոլորտից է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում