Դուք հաղթել եք, որովհետև հաղթանակը ձեր սրտում եք անմահացել. Մեր հերոս Հովոն
Հովոս, կոկորդս խեղդող արցունքների միջից գրում եմ, որովհետև ուզում եմ բոլորը ճանաչեն ու իմանան քեզ, իմ ՀԵՐՈՍ:
Հովոս անսահման բարի, խելացի, ազնիվ ու հայրենասեր տղա էր: Հովոս կյանքով լեցուն, կյանքին սիրահարված էր, անկեղծ սրտով սիրում էր իր շրջապատում բոլորին, էնքան էր սիրում, որ բոլորիս համար կյանքը տվեց:
Ուղիղ 32 օր առաջնագծում եղավ: Մինչև էդ չարաբաստիկ օրը Հովոս ամեն օր զանգում էր, գրում, բոլորի որպիսությունը հարցնում, իսկ ինքը ասում՝ ես լավ եմ, քաղցրս, լավ ա լինելու: Ասում էր՝ 60 հոգու փրկել եմ պայթելուց, կարայի իրանց թողեի, փախնեի, բայց ինձ կյանքում չէի ների:
Ինքն էլ երեք անգամ փրկվեց: Երկրորդ անգամ ոտքից վիրավորվել էր ու կարող էր էլ մեքենան չվարել, բայց հրամանատարներին էդ ոտքով ապահով հասցրել էր առաջնագիծ: Վիրավոր ընկերոջը կիլոմետրերով հետը տարել, փրկել էր...
Երանի ինձ ու էն մարդկանց, ովքեր ճանաչել ու առիթ են ունեցել շփվելու Հովոյիս հետ, որովհետև իմ ախպերը ուրիշ էր, կրկնում եմ՝ ուրի՜շ, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված:
Իսկ հիմա... հիմա դատարկություն է հոգումս, գիտակցությունս չի ընդունում կատարվածը: Իմ լույս, իմ թանկ,
երանի էն երջանիկ օրերիս, որ քո հետ են անցել:
Չգիտեի, որ հպարտությունը էսքան ցավոտ է լինում, բայց հպարտ եմ, անսահման հպարտ եմ քեզանով, իմ հայրենիքն ես դարձել, հերոսս:
Հո՛վ, դու կռվեցիր թշնամու դեմ, կյանքդ հանուն մեր խաղաղության տվեցիր, իսկ մենք ուղղակի պարտավոր ենք արժանապատվորեն ապրել, պայքարել մեր ներքին թշնամու դեմ, քո ու մնացած տղերքի գործը ավարտին հասցնել: Դուք արդեն հաղթել եք, որովհետև հաղթանակը ձեր սրտում եք անմահացել, իսկ մենք դեռ կիսատ գործեր ունենք ու հենց ավարտին հասցնենք, նոր արժանի կլինենք ձեր կյանքի գնով պահած սուրբ հողում ապրելու: Ու անպայման ավարտին կհասցնենք: Խոստանում եմ:
Կարծիքներ