Կիբեռհանցագործություններն այս տարի համաշխարհային տնտեսության համար ավելի քան 1 տրիլիոն դոլար կարժենան
Կիբեռհանցագործություններն համաշխարհային տնտեսությանն այս տարի կարժենան ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ ավելի քան 50 տոկոսով ավելի, քան 2018-ին, ասվում է McAfee Corp.-ի ու Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) հետազոտական զեկույցում, հայտնում է AFP-ը:
Նշվում է, որ համացանցում հանցավոր գործունեության գինը կազմում է համաշխարհային տնտեսության մեկ տոկոսից ավելին եւ ունի նաեւ էական ոչ դրամական հետեւանքներ: Հետազոտողները նշել են մի շարք գրոհների, այդ թվում՝ ծրագիր-շորթումների, ֆիշինգի, գործնական էլեկտրոնային փոստը կոտրելու, լրտեսական ծրագրերի եւ կրիպտաարժույթի գողության աճի մասին։
Այս աճի մի մասը կարող է վերագրվել ավելի թույլ անվտանգությանը, երբ ավելի շատ մարդ է հեռավար՝ իր աշխատավայրից դուրս աշխատում: «Ձեռնարկությունների դեմ կիբեռհարձակումների խստությունն ու հաճախականությունը շարունակում է աճել տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, որոնք ընդլայնում են սպառնալիքի մակերեսը, եւ աշխատանքի բնույթը տարածվում է տան եւ հեռակա միջավայրերի վրա»,- ասել է McAfee CTO-ի տեխնիկական տնօրեն Սթիվ Գրոբմանը:
Զեկույցը հիմնված է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Ավստրալիայում 1500 պետական տնտեսվարողների կողմից անցկացված հարցման վրա:
Ըստ զեկույցի՝ կիբեռհանցագործությունների հետեւանքները ներառում են մտավոր սեփականության եւ դրամական միջոցների կորուստ, ինչպես նաեւ համակարգի գործունեության պարապուրդ, եւ վնասում են կազմակերպության վարկանիշին:
«Գաղտնիք չէ, որ կիբեռհանցագործությունը կարող է վնասել հանրային անվտանգությանը, խաթարել ազգային անվտանգությունը եւ վնասել տնտեսությանը»,- գրում են հետազոտողները: «Ավելի քիչ հայտնի են այն թաքնված ծախսերը, որոնց մասին կազմակերպությունները կարող են նաեւ չկասկածել, այդպիսիք են՝ կորցրած հնարավորությունները, ռեսուրսների վատնումը եւ աշխատակազմի բարոյալքումը»:
Հետազոտողները նշել են, թե մտահոգիչ է այն փաստը, որ հարցված ընկերությունների միայն 44%-ն է հայտարարել, որ ծրագրեր ունի՝ անվտանգության միջադեպերը ինչպես կանխարգելելու, այնպես էլ դրանց արձագանքելու համար:
Կարծիքներ