Ազգային գիտական լաբորատորիան կունենա քվանտային բաժին. ներգրավվելու են սփյուռքահայ գիտնականները
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ստեղծվում է քվանտային բաժին: Այն կարող է հիմք լինել Հայաստանում միջազգային քվանտային կենտրոն հիմնելու համար:
«Եթե Հայաստանում չլինի գիտություն, որը կապված է նոր տեխնոլոգիաների հետ, ապա ոչ մի տեխնոլոգիա հնարավոր չի լինի այստեղ հասկանալ կամ զարգացնել: Հնարավոր կլինի միայն դրսից կլանել, գնել: Դեռ երկու տարի առաջ մեր տնօրինության հետ կար պայմանավորվածություն, որ շարժվում ենք քվանտային բաժին ստեղծելու ճանապարհով, որը պետք է հետազոտի քվանտային տեխնոլոգիաների և հարակից ոլորտների ֆիզիկան: Հարցին մոտեցանք հիմնավոր ձևով: Որոշեցինք, որ բաժինը ստեղծվի այնպես, ինչպես դա արվում է արտասահմանյան հիմնարար կենտրոններում»,- ասաց Արմեն Ալլահվերդյանը: Այսինքն՝ հավաքվում է միջազգային կոմիտե, որը հետազոտում է առաջարկը և եզարակացություններ է տալիս, ընդ որում, կոմիտեում պետք է ընդգրկված լինեն մարդիկ, որոնք տվյալ ոլորտում բարձր որակավորում ունեն: Այժմ միջազգային կոմիտեն ձևավորվել է, ընթանում են կազմակերպչական աշխատանքներ քվանտային բաժինը ստեղծելու համար:
Արմեն Ալլահվերդյանը նշեց, որ նոր բաժինը պետք է ընդգրկի երիտասարդ կադրերի, մասնավորապես, ակտիվորեն համագործակցի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ:
«Մենք հույս ունենք, որ նոր բաժինը կլինի հարթակ սփյուռքահայ գիտնականներին ներգրավելու համար: Բարեբախտաբար, քվանտային ոլորտը հագեցած է սփյուռաքահայ գիտնականներով, նրանցից շատերի հետ մենք կապի մեջ ենք: Այստեղ իրավական գործընթացների պարզեցման անհրաժեշտություն կա, որպեսզի պայմանները բարելավվեն, և հեշտությամբ կարողանանք ընդգրկել սփյուռքահայ գիտնականներին, օգտվել նրանց գիտական, կազմակերպչական մշակույթից: Այս ամենը կարող է հիմք լինել Հայատանում միջազգային քվանտային կենտրոն ստեղծելու համար»,- ասաց Արմեն Ալլահվերդյանը: Նա ընդգծեց, որ եթե հիմա այդ ուղղությամբ առաջ շարժվենք, ապա տարիներ հետո հնարավորություն կունենանք ներդրում կատարել այդ տեխնոլոգիաների զարգացման մեջ:
Կարծիքներ