Կարմիր գծերի սակագները կմնան անփոփոխ. Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Երևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանատեղերի սակագների փոփոխության ենթարկվելու մասին սոցցանցերում տարածվող լուրերը:
«Թյուրընկալումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտնել հետևյալը՝ Երևանում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի (կարմիր գծեր) սակագներն անփոփոխ են: Դրանք կշարունակեն լինել՝ մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին:
ՀՀ ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջանից 10-ում վերացնել կարմիր գծերը:
Օրենքի նախագիծն ընդունվել է 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:
10 վարչական շրջանում կվերանան կարմիր գծերը, և այսուհետև Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:
Կարծիքներ