ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա. տեսանյութ
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր:
Շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ:
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նախարարության պատասխանատու ստորաբաժանումներն ու ենթակա կառույցները սերտորեն համագործակցում են պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։
Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարմանն ուղղված փորձարարական ծրագիրը, ըստ որի արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի նախագծում նշված ՄԻՄԻԱՅՆ 17 տեղամասերից, որոնք գտնվելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի անմիջական և խիստ հսկողության ներքո։
Ձկան արդյունագործական փորձարարական որսի նոր կարգի համաձայն՝ այս պահին ընթանում են ձկնորսների հայտերի ընդունման աշխատանքներ։
Հորդորում և կոչ եմ անում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիներին դիմել «Սևան» ազգային պարկ՝ համապատասխան պայմանագիր կնքելու, փաստաթղթերը ստանալու և օրենքով սահմանված կարգով ձկան արդյունագործական որս իրականացնելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի կողմից այս պահին իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ օրենքով սահմանված, Սևանի ափամերձ ավազանի 17 տեղամասերի կահավորման և անհրաժեշտ տեխնիկայով զինման աշխատանքների ուղղությամբ։
Սեղմ ժամկետներում, հանրային լայն իրազեկման միջոցով ավելի մանրամասն կտեղեկացնենք աշխատանքների մեկնարկի և ընթացքի մասին։
Հավելեմ նաև, որ որոշման համաձայն, շուտով Սևանա լճում ձկների արդյունագործական որսը թույլ կտրվի իրականացնել օրվա միմիայն լուսային ժամերին։
Այսպիսով՝ սահմանվում են ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։
Հարկ եմ փաստել, որ օրենքի կիրարկման հիմնական նպատակը ձկնորսությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչության գործունեությունը արգելելը կամ խոչընդոտելը չէ, այլ դաշտը կանոնակարգելն ու համակարգելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել Սևանա լճում կենսապաշարների կայուն և արդյունավետ կառավարումը, բարելավել և զարգացնել տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և արդյունավետ պայքարել օրենքից դուրս գործող անձանց կամ խմբերի ապօրինի գործունեության դեմ։
Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից, քանի որ լիճը ոչ միայն բնության յուրօրինակ հուշարձան է, այլ մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող անգնահատելի օբյեկտ։
Կարծիքներ