Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

2021 թվականին հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևանում և մարզերում մենթորական հաստատություններ են ձևավորվել, կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած պետության կողմից որդեգրված մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, առկա են դաստիարակների թափուր հաստիքներ: Գյուղական փոքր բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Խնդրի կարգավորման նպատակով նախագծով առաջարկվում է ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը և կսահմանվի մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու համապատասխան կրեդիտներ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին: Վերոգրյալի համատեքստում առաջարկվում է օրենքում կիրառվող հասկացությունների թվում «դաստիարակ» հասկացությունն առանձին սահմանել:

2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցների հաշվին նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես որ նրանց զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը և տևողությունը, ի տարբերություն տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի և կներառի միայն բարեվարքության և նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի և հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:ր

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում նախատեսվում է նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում ստեղծել համապատասխան ֆիզիկական պայմաններ: Հատկապես նշված բնակավայրերում համապատասխան որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի սահմանման լիազորող նորմ:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով: Նախադպրոցական ծառայություն կարող է իրականացվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից, որն իրականացվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա: Հետևաբար, նախադպրոցական կրթական ծրագրով և նախադպրոցական ծառայությամբ լիցենզավորման հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք (տարբեր կազմակերպաիրավական ձևերով՝ ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ՀԿ և այլն)՝ որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստանալուց հետո:

Այսպիսով՝ իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրմանը, հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը, ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում