ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:
Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:
Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ:
Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
Կարծիքներ