Մենենդեսը սպառնացել է Թուրքիային F-16-ների ծրագրի կասեցմամբ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դիրքորոշման համար
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը երեկ սպառնացել է Թուրքիային հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումից, եթե Անկարան չաջակցի ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի ընդունմանը: Սենատորի խոսքերը հայտնում է The Washington Post-ը։
Նա սուր քննադատության է ենթարկել Անկարայի գործողությունները՝ ասելով, որ դրանք մտահոգություն են առաջացնում Թուրքիայի՝ որպես Միացյալ Նահանգների դաշնակցի հուսալիության վերաբերյալ, այն բանից հետո, երբ վերջինս գնեց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր (SAM) և հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ կապված ռազմական գործողությունների հետ։
Մենենդեսը հիշեցրել է, որ Թուրքիան ձգտում է ձեռք բերել մի քանի տասնյակ նոր F-16 կործանիչներ, որոնց վաճառքը կպահանջի ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի հավանությունը։
Իր հերթին դաշինքի հետ կապված հարցերով զբաղվող Սենատի խմբի նախագահ Թոմ Թիլիսը ասել է. «Կարծում եմ, որ ի վերջո ամեն ինչ կլուծվի»։ Սենատորը նշել է, որ թեև ԱՄՆ-ն ունի «նույնքան լծակներ»՝ ստիպելու Թուրքիային համագործակցել, նա «չի ցանկանա ամեն ինչ հասցնել այս կետին»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում, ասել է, որ չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին բավարարել ենթադրյալ ահաբեկչական կազմակերպությունների արտահանձնման մասին հանրապետության խնդրանքը։ Մեկ այլ պատճառ, թե ինչու Անկարան պատրաստ չէ աջակցել այդ երկրների մուտքին ՆԱՏՕ, Էրդողանը համարել է Թուրքիային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումների ներդրումը։
Չորեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրականորեն են ընթանում։ Անկարան Վաշինգտոնից պահանջել է 40 F-16 Block-70 կործանիչ և 80 Block-70 արդիականացման կոմպլեկտներ՝ իր օդային ուժերում սպասարկող ինքնաթիռների համար: Անկարայում F-16-ը ձեռք բերելու ցանկության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ երկիրը հանվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ կապված Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման հետ։
Կարծիքներ