Համաշխարհային բանկի աջակցությամբ կշարունակվի «Կրթության բարելավում» ծրագիրը
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում հավանություն է տրվել ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:
Ծրագրի արդյունքների մասին` նախադպրոցականից մինչև բուհ
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին: Այն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն և միտված է միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ կրթական համակարգի ապահովմանը:
«Ծրագրի շրջանակում Հայաստանում ստեղծվել են 136 նախակրթարաններ, որոնցում ընդգրկված են 4-6 տարեկան 13.580 երեխաներ: Վարկային ծրագրով հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց, որոնցից 10-ը՝ մարզերում, 3-ը՝ Երևանում: 107 ավագ դպրոցներ համալրվել են 335 բնագիտական լաբորատորիաներով: 585 դպրոցներ վերազինվել են համակարգչային սարքավորումներով: Ընդ որում` հենց այս համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուսուցչի պակաս ունեցող գյուղական դպրոցներում ձևավորվել են հեռավար ուսուցման սենյակներ: Նման 53 դպրոցներում այժմ մենթոր դպրոցների ուսուցիչները էլեկտրոնային դասավանդում են իրականացնում մասնագետներ չունեցող դպրոցների երեխաների համար:
Ավելի քան 4000 ուսուցիչներ և վարչական աշխատողներ են վերապատրաստվել` ստանալով ուսումնական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառման հմտություն։ Վերանայվել են հանրակրթության 6 ուսումնական ոլորտների ուղղությամբ առարկայական չափորոշիչները և ծրագրերը»,- նշել է Վահրամ Դումանյանը` ներկայացնելով վարկային ծրագրով կատարված հիմնական աշխատանքները:
Նախարարի տեղեկացմամբ` նորարարական ծրագրերի իրականացման և կարողությունների հզորացման նպատակով 15 բուհերի տրամադրվել են 18 դրամաշնորհային ծրագրեր, որոնց արդյունքում բուհերում ստեղծվել են նորարարական գիտահետազոտական կենտրոններ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և արդիականացված կրթական բովանդակությամբ:
Վարկային նոր ծրագրով նախատեսվող աշխատանքների մասին
Հիմք ընդունելով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունավետությունը` ՀՀ կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար դիմել է Համաշխարհային բանկին` ծրագրի շարունակականության ապահովման նպատակով:
ԿԳՄՍ նախարարի խոսքով` վարկային նոր միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև կառուցվող հաստատությունների համար նոր գույքի և սարքավորումների ձեռքբերմանը:
«Նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ: Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ: 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ` «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համար»,- փաստել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ նախատեսվում են նաև Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) թվայնացման աշխատանքներ:
Բուհերում կշարունակվի նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը 5 նոր դրամաշնորհային ծրագրերի միջոցով:
Նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներից 22,60 մլն եվրո (Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով), իսկ պետբյուջեի միջոցներից՝ 5,65 մլն եվրո:
Կմեկնարկի Սյունիքի կրթական նոր մոդելի ներդրման ծրագիրը
ԿԳՄՍ նախարարն իր զեկույցում նշել է նաև, որ այս պահին ՀՀ Սյունիքի մարզում են գտնվում ԿԳՄՍ նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները: Համատեղ աշխատանքային խումբը խոշորացված համայնքների ավելի քան 50 բնակավայրերում տեղազննություն է կատարում` կրթական նոր համալիրների ստեղծման նպատակով: Միաժամանակ Կապան խոշորացված համայնքում 13 նոր կրթահամալիրների կառուցման նպատակով պայմանագրերն արդեն կնքված են: Այս ուղղությամբ այլ մարզերում ևս աշխատանքներ են կատարվում:
Շինարարություն է ընթանում 78 դպրոցում և 88 նախադպրոցական հաստատությունում
Գործադիրի նիստում ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ներկայացնելով ՀՀ–ում իրականացվող դպրոցաշինական ծրագրերը, նշել է, որ ներկայում նախագծման փուլում է գտնվում 40 դպրոց, 78 դպրոցներում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 37-ի աշխատանքները կավարտվեն մինչև այս տարեվերջ:
Միաժամանակ նախագծման փուլում են 23 մանկապարտեզներ, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են 88 մանկապարտեզում, որոնցից 58-ի շինարարությունը նույնպես կավարտվի մինչև տարեվերջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող բոլոր ուսումնական հաստատություններն անպայման պետք է ապահովվեն նոր գույքով և տեխնիկայով:
Վարչապետը հանձնարարել է հետևողական լինել աշխատանքները որակով և սահմանված ժամկետներում կատարելու հարցում:
Կարծիքներ