Մենք պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ կյանք. Փաշինյան

Մենք պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ կյանք. Փաշինյան

Մեր թղթերում և մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը կտրում ենք, լույսն անջատում ենք և դրա փոխարեն ստեղծում ենք Թրամփի ուղին: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: 

«Ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ուրեմն ջուր չի լինելու, սովորաբար հակառակն է. այնտեղ, որտեղ երկաթուղի է լինում, ջուրը պարտադիր պայման է, որովհետև առանց ջրի երկաթուղի չի կարող լինել, որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ բարեկեցություն է: Բայց մեր դեպքում եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, անվտանգություն չկա, մարդ չկա, ինքնիշխանություն չկա, տարածքային ամբողջականություն չկա:

Մեզ ներշնչված գետտոյի տրամաբանություն է. պետք է փակված մենք ապրենք, որ մեր ինքնությունը, մեր անվտանգությունը պահենք: Այդպես չէ, ընդհակառակը՝ ժամանակակից աշխարհում պետք է շատ շփվել, պետք է հասկանալի լինել, խոսել հասկանալու համար աշխարհը և հասկանալի լինելու աշխարհին: Մենք հիմա դա ենք անում: Չկա այդպիսի տրամաբանություն, որ խաղաղություն կլինի, բայց ջուր չի լինի:

Հայ ժողովուրդ, ընտրեք՝ ջո՞ւր եք ուզում, թե՞ խաղաղություն, որովհետև ջուրն ու խաղաղությունը սովորաբար իրար հետ են լինում: Պատերազմի դեպքում կարող է ջուր չլինել, որովհետև այն ավերվելու մասին է, որովհետև կարող են ավերվել և՛ ջրագիծը, և՛ երկաթուղին, և՛ ճանապարհը, և՛ տունը, և՛ հիվանդանոցը, և՛ դպրոցը, և՛ կյանքը, և՛ հարաբերությունը, ամեն ինչ: Մեղրիի ժողովուրդը և ընդհանրապես ՀՀ ժողովուրդը ինքը նաև կարող է համեմատել՝ այն ժամանակ, որ երկաթուղին կար, իր կյանքը լա՞վ էր, թե՞ ավելի վատ էր, էն ժամանակ, որ որևէ խաղաղություն կար, հիմա մարդիկ ասում են, որ չգիտեմ, թե որ թվին է խաղաղություն եղել: Չի եղել խաղաղություն, որովհետև ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր փոխհրաձգության հետևանքով, հիմա մենք մի տարի յոթ, երևի արդեն, ութ ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների հետևանքով զոհ, վիրավոր չունենք: Մեր անկախության օրոք չի եղել այդպիսի մի տարի յոթ ամիս, չի եղել այնպիսի մի տարի, որ մենք զոհեր չունենանք, վիրավորներ չունենանք, դիվերսիաներ չունենանք: Խաղաղությունը, որ ասում են էն ժամանակ, խաղաղություն չի եղել: Հայաստանի անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել: Հայաստանը խաղաղություն չի տեսել. Երրորդ հանրապետությունը խաղաղություն չի տեսել ընդհանրապես. այդ տրամաբանությունը չկա: Հիմա մենք պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ կյանք: Այդտեղ էլ պետք չէ շտապել»,- նշեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում