ՀԷՑ-ի տնօրինությունը օգոստոսին էլ պարգևավճար չի ստացել, ազատվել են որոշ բարձր վարձատրվող անձինք. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները օգոստոս ամսվա համար նույնպես պարգևավճարներ չեն ստացել. արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում կրկին ստացվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։
«Ինչպես նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության աշխատակազմում կան բազմաթիվ բարձր վարձատրվող հաստիքներ (նույնիսկ մի ամբողջ բաժին), որոնց մեծ մասին մինչ այս որևէ կոնկրետ գործառույթ կամ պարտականություններ չեն վերապահվել, սակայն դրանք զբաղեցրել են ընկերության սեփականատերերի և նախկին բարձր ղեկավարության հետ որևէ կերպ փոխկապակցված ու նրանց բարեհաճությունը վայելող կոնկրետ անձինք։
Վերջիններիս ազատումից հետո այդ հաստիքները չեն համալրվել և հետայսու ևս չեն համալրվելու, քանի որ դրանց անհրաժեշտությունն առհասարակ չկա ՀԷՑ-ի կառավարման ընթացիկ փուլում, մինչև ընկերության հաստիքացուցակների մաքրումը նմանատիպ «պարազիտ» հաստիքներից (այդ գործառույթը, ըստ Կանոնադրության, գտնվում է Տնօրենների խորհրդի լիազորությունների տիրույթում)։
Այդ հաստիքների թափուր լինելու հանգամանքով պայմանավորված՝ վերջին երկու ամիսներին ի թիվս վերոնշյալի՝ ունեցել ենք նաև ավելի քան 15 մլն ՀՀ դրամի հավելյալ խնայողություններ։
Ըստ այդմ՝ վերոնշյալ միջոցները ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգևավճար այս անգամ արդեն համաչափորեն բաշխվել են ՀԷՑ-ի շուրջ 1.669 աշխատակիցների միջև, որոնց օգոստոս ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20% չափով։
Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այս անգամ արդեն բազմաթիվ տեսուչներ։
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:
Կարծիքներ