Տարածված խոսույթ է, թե Հայաստանը սրա-նրա պահանջն է կատարում. Հայաստանը ոչ մեկի պահանջը չի կատարում. վարչապետ

«Խաղաղության մասին ես միակողմանի չեմ խոսում․ մենք փաստաթղթեր ունենք ստորագրած: Այնպես չէ, որ մենակ ես եմ խոսում խաղաղության մասին, խաղաղության մասով տարընթերցում չկա մեկնաբանությունների մեջ»:
Այս մասին Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ամենատարբեր մեկնաբանություններին՝ սա այն ասեց, նա այն ասեց, Ադրբեջանն այսպես ասեց և այլն՝ վարչապետը նշեց, որ տեսադաշտից դուրս է թողնվում ամենակարևոր հարցը՝ իսկ մենք ինչ ենք ասում:
«Մենք երկար տարիներ խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ ՀՀ-ն միջազգային հարաբերություններ ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ: Դա ինչի՞ց է: Նրանից, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում, մեզ հետաքրքրել է, թե ուրիշներն ինչ են ասում: Հիմա ո՞րն է ամենակարևոր փոփոխությունը: Այն, որ մեզ համար կարևոր է, թե մենք ինչ ենք ասում, մենք ինչ դիրքորոշում ունենք, և մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք մեր դիրքորոշումներն ինչքանով ենք համապատասխանեցնում, այսպես ասած, միջազգային երթևեկությանն ու կանոններին:
Տարածված խոսույթ է, թե Հայաստանը սրա պահանջն է կատարում, էն մեկի պահանջն է կատարում:
Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում: Մի քանի անգամ էս օրինակը բերել եմ․ երբ մենք վրաերթի ենք ենթարկվում, այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա դրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք:
Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, եկեք ոչ թե որտեղով պատահի անցնենք, այլ հետիոտնային անցումով անցնենք․ դա կարա՞ մեկնաբանվի, որ ուրիշ վարորդները սպառնացին մեզ, և մենք այնքան թուլամո՞րթ ենք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել, հետիոտնային անցումով անցնել»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ