Հին բարքերին սովոր «նոր» ընդդիմությունը․ կեղծ խոստումներից մինչև բաժանված փողեր. Մանավազյան

Հին բարքերին սովոր «նոր» ընդդիմությունը․ կեղծ խոստումներից մինչև բաժանված փողեր. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «նոր» ընդդիմության քայլերին, որոնք նման են հին ընդդիմության և իշխանությունների սովորություններին:

«Oրեր առաջ «Տաշիր» Սամվելի շարժումը մի պատանի շախմատիստի էր հյուրընկալել իր հայրիկի հետ և Եվրոպայի առաջնությանը մասնակցության համար աջակցություն տրամադրել։ Իմ տեղեկություններով՝ այդ պատանի շախմատիստին պետությունը, Երևանի քաղաքապետարանը էականորեն աջակցել են տարբեր հարցերով, այդ թվում՝ ֆինանսական, ու կարծում եմ՝ այդ փաստը կընդունի նաև տղայի հայրիկը, բայց սա էլ էական չէ։ 14-ամյա տղային և իր հորը օգտագործել են իրենց քարոզչական փիառի համար, փող են տվել, որ ասեն «խնդիրը լուծեցինք մեր ձևով»։

Ինձ կասե՞ք, թե ինչով է տարբերվում «Տաշիր» Սամվելը, ասենք, ՀՀԿ-ական նախկին օլիգարխներից, որոնք 10-20 հազար դրամով ձայն էին գնում։ Ես կասեմ՝ զուտ ավելի վաղ ու ավելի մեծ գումարով է սկսել նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Ի դեպ, այն ժամանակ մարդիկ ստիպված չէին լինում նաև դրա համար տեսախցիկի առաջ երևալ։ Սամվել Կարապետյանի եղբայրն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար է եղել․ կարծում եմ, շատ լավ է հիշում իրենց հին մեթոդները։ Դեռ հիմա եք այսպես ոտք ու ձեռք ընկել փող ու պայուսակ բաժանում, բա ընտրություններին ի՞նչ եք անելու։ Իհարկե, այն ակնկալիքով, որ եթե «հաղթեն», հետ բերելու ձևը գիտեն։

Հարգելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշենք՝ այս մարդիկ իրենց կառավարած ՀԷՑ-ը ինչ վիճակում էին պահում և ինչ խնդիրների առաջ էին մեզ բոլորիս կանգնեցրել, որքան ցածր աշխատավարձ էին ստանում ստորին օղակները, և որքան բարձր էր որոշների աշխատավարձը։ Չի կարող իր անձնական բիզնեսում սոցիալական արդարության խնդիրներ ստեղծած մարդը երկրում սոցիալական արդարություն հաստատել։

Ֆեյքերի փոքրիկ խմբակի հետևից երևացող «Տաշիր» Սամվելի եղբորորդին վերջին շրջանում հեքիաթների այնպիսի շարք է սկսել, որ եթե մարդը իրականությունն ու կեղծը իրարից չտարբերի, գուցե մտածի, թե «հզոր» պոտենցիալով երիտասարդի է երկիրը կորցրել այսքան տարի։

Նարեկը խոսում է Սևանում ձկնաբուծությունից, ասում է՝ պետք է փորձել Նորվեգիայի օրինակով լճի մեջ ձկնաբուծական ֆերմա սարքելու կոնցեպցիա։ Էլի լավ է հնչում, բայց Նորվեգիայում ծովային բաց տարածքներ են, իսկ Սևանը փակ լիճ է։ Ցանկացած զանգվածային ձկնաբուծություն կարող է բերել ջրի աղտոտման, օրգանական թափոնների կուտակման։ Ցանկացած ներդրում ձկնաբուծության մեջ կարող է կարճաժամկետ շահույթ բերել որոշ մարդկանց, բայց դրա արժեքը շատ ավելի բարձր կլինի երկրի համար, եթե Սևանի ջուրն աղտոտվի։

Հեքիաթները շատ են, բայց ժամանակը միշտ չէ, որ բավականացնում է հերթով անդրադառնալու համար։

Հաջորդիվ Գեղարքունիքը «զարգացրած» Նարեկը Մեղրին զարգացնելու մասին է խոսում։ Ասում է՝ Մեղրիում ՋԷԿ կառուցենք, Իրանից գազ ներմուծենք և հետո հոսանք վաճառենք։ Ինչ լավ է հնչում, բայց հաշվի չի առնվել տեխնիկական սահմանափակումները, տնտեսա-էկոլոգիական սպառնալիքները և այլ ռիսկեր։ Հայաստանն այսօր էլ Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց հնարավոր չափով փոխանակում իրականացնում է և նույն հնարավորության սահմաններում նաև ավելացնում։ Մեր հայրենակիցները, կարծում եմ, լավ են հասկանում, թե այս փուչ խոստումների նպատակը որն է, և թե ինչու մինչ օրս այս մարդիկ մատը մատին չէին տվել։

Ի դեպ, վերջերս ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտարարեց, թե որքան աշխատավարձ է ստացել Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում, վերջինս շտապեց ինչ-որ սքրիններով հակադարձել, թե աշխատավարձը փոխանցել է բարեգործական նպատակներով, իսկ ո՞ր հիմնադրամին՝ իհարկե «Տաշիր», մի գրպանից մյուս գրպանն են դրել, հետո էլ բարեգործության տակ փորձել անցկացնել։ Բայց այդ սքրիններում երևում է միայն 2017-2018 թվականները, վստահ եմ, եթե դա շարունակական բնույթ ունեցող գործընթաց լիներ, Նարեկը կտեղադրեր մինչև 2024 թվականը ներառյալ իր ձեռքի տակ առկա տվյալները»,- գրել է Մանավազյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում