Ինչպե՞ս պետք է անհետ կորածների հարազատները դառնան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու

Ինչպե՞ս պետք է անհետ կորածների հարազատները դառնան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման պահից մինչ օրս 1528 ընտանիքների է սպասարկում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Նա հիշեցրել է, որ հիմնադրամը հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաև պետական բյուջեի հետ համաֆինանսավորում են 2008-2016 թվականները ներառյալ զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքում:

«Վերջին պատերազմից այս կողմ, մինչ այս պահը մենք արդեն ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք, որոնք մտնում են այդ իմ նշած 1528 ընտանիքների կազմում։ Եվ նրանց կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցումներ։ Քանի որ մենք 20 տարվա պարտավորություն ենք ստանձնում, ամեն ամիս կատարում ենք այդ հատուցումները, և այս թիվն աճողական է, անընդհատ աճելու է»,- ասել է նա։

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Այժմ այդպիսի 803 ընտանիքներ կան, որոնք հատուցում են ստանում «Կամուրջ» ծրագրի շրջանակներում։

«Վեց ամիս ժամկետով են կատարվում այդ հատկացումները՝ ամսական 300 հազար դրամի չափով։ «Հիշեցնեմ, որ երբ արդեն զինծառայողն անհետ բացակայող կամ կորած կճանաչվի դատարանի որոշմամբ, և ընտանիքը կգա հիմնական ծրագրով հատուցում ստանալու համար, մենք փաստացի կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ շահառուներին, այդ վճարը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից, և տարբերությունը կփոխանցենք»,- տեղեկացրել է Ավետիքյանը։

Ավետիքյանի խոսքերով՝ այս պահին հիմնադրամն ունի 55 ծանր վիրավոր զինծառայող շահառու։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում