Ավելի լավ չի՞ բաց ասեք՝ ձեր երազանքն այն է, որ Հայաստանը մշտապես շրջափակված մնա, ամեն հարցում մեկ աղբյուրից կախված. Թունյան

«Ոմանց գրառումները կարդում՝ զարմանում ես: Նեղվել են, որ հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկ բերել Հայաստան: Այսինքն, ըստ էս մարդկանց, վատ բան է տեղի ունեցել, որ ապաշրջափակվում ենք, որ Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները մեծացել են, մատակարարներից ու տրանսպորտային ուղիներից կախվածությունը նվազել: Որ հնարավոր է դարձել մի երկրի տարածքով, որի հետ մոտ 35 տարի կոնֆլիկտի մեջ ենք եղել, բեռնափոխադրումներ կազմակերպել: Ապշել կարելի է:
Բանը հասել է այնտեղ, որ որոշները ակնարկում են, որ կարելի է հրաժարվել ղազախական հացահատիկից պատրաստված հացամթերքից՝ այն պատճառով, որ այն բերվել է Ադրբեջանի տարածքով:
Մեկը հեգնում է, մյուսը դավադրապաշտական զեղումների տրվում, երրորդը իբր խորիմաստ պատմական զուգահեռներ է տանում, ինչ է թե մի նեգատիվ բան գտնեն:
Ու ամենազավեշտալին. սա անում են իրենք իրենց որպես ինտելեկտուալ ներկայացնող անձինք:
Լավ է 1992-ին ֆեյսբուք չկար, թե չէ կոչ կանեին թույլ չտալ, որ Թուրքիայի տարածքով հացահատիկ մտնի Հայաստան, ու սովի կմատնեին ժողովրդին:
Ավելի լավ չի՞ բաց ասեք՝ ձեր երազանքն այն է, որ Հայաստանը մշտապես շրջափակված մնա, ամեն հարցում մեկ աղբյուրից կախված, հարևանների հետ մշտական լարվածության մեջ: Որովհետև անկախ, խաղաղ ու զարգացող Հայաստանը ձեր ու ձեզ ինստրուկտաժ անողների պլանների մեջ չի մտնում:
Չնայած ասելու կարիք էլ չկա. ամեն ինչ վաղուց պարզ է»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան
Կարծիքներ