Հայաստանում հասանելի են տուբերկուլոզի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ միջոցները
Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշանավորում է 1882 թվականին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխի կողմից տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերումը։
Նպատակը տուբերկուլոզի գլոբալ բեռի մասին տեղեկացվածության բարձրացումն է և հիվանդության կանխարգելման ու վերահսկման ուղղությամբ առկա իրավիճակի մասին զեկուցումը:
Այս տարի համաշխարհային օրը կրում է «Միավորե՛նք մեր ջանքերն ընդդեմ տուբերկուլոզի, փրկե՛նք կյանքեր» խորագիրը, ինչը խոսում է ռեսուրսներ ներդնելու հրատապ անհրաժեշտության մասին՝ տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքարելու և հիվանդության վերացմանն ուղղված համաշխարհային առաջնորդների կողմից ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` տուբերկուլոզը շարունակում է մնալ մահվան առաջատար պատճառը վարակիչ հիվանդությունների շարքում, չնայած բուժելի և կանխելի է։ Աշխարհում տարեկան 10 մլն մարդ հիվանդանում է տուբերկուլոզով, իսկ մոլորակի բնակչության ¼-ը վարակված է այդ հարուցչով։
Բարեբախտաբար, վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ տուբերկուլոզ հիվանդություն։
2021-ին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք, որից 313-ը՝ թոքային, իսկ 113-ը՝ արտաթոքային։ Կարևոր է նշել, որ այսօր մեր երկրում հասանելի են տուբերկուլոզի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները։
Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնական ախտանշանների վերաբերյալ` 3 շաբաթ և ավելի տևողությամբ հազ, խորխարտադրություն, թուլություն, ախորժակի կորուստ, քաշի անկում, գիշերային քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
Կարծիքներ