Լիբանանում է Գյումրու դրամատիկականը
Լեփ-լեցուն դահլիճ, հոտնկայս ծափեր, արցունքներ ու ծով կարոտ՝ Հակոբ Տեր Մելքոնյան թատերասրահում:
Գյումրու դրամատիկականը հյուրախաղերով Լիբանանում է: 3 ներկայացում են տարել հայրենակիցներին նվեր՝ «Տունը սահանին» քաղաքական սատիրան , «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությունն ու մեկ ներկայացում մանուկների համար՝ « Քեռի քուչին, Թոմն ու Ջերին և մյուսները» երաժշտական հեքիաթ-ներկայացումը:
Գյումրի-Լիբանան համագործակցության սկիզբը 2019 թվականին է դրվել՝ կրկին լիվանանյան հյուրախաղերով: Հենց նույն տարում լիաբանանահայ հանդիսականի համար երեք ներկայացում են խաղացել՝ «Հարսանիք թիկունքում», «Սիրո կաստինգ» և «Երկնագույն շան աչքերը»:
Եվս մեկ ներկայացում էլ Լիբանանից Գյումրի հրավիրված ռեժիսոր Հակոբ Ղուկասյանն է կյանքի կոչել:
Դրանից հետո տևական դադար՝ անկախ բոլորի կամքից: Կորոնավիրուս, քաղաքական ու պատերազմական իրադարձություններ Լիբանանում, նաև Հայաստանում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է, անկախ այդ բոլոր հանգամանքներից, ամեն կերպ փորձել են ելքեր գտնել հայ գաղթօջախի հետ կապը վերականգնելու, հայրենակիցներին ներկայանալու համար:
Նոր հյուրախաղեր ունենալու որոշումը հեշտ չի տրվել:
«Շատ մեծ դժվարությամբ որոշեցինք ու հասկացանք, որ պետք է պարտադիր հայկական գաղությում Գյումրու դրամատիկականը հանդես գա: «Գասպար Իփէկեան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը երբ Գյումրիում էր, քննարկեցինք սա: Իրենց համար հիմա շատ դժվար ժամանակահատված է հիմա: Բայց հասկացանք, որ երկուստեք պետք է դժվարությունները հաղթահարենք»,-անկեղծանում է դրամատիկականի տնօրենը:
Գյումրու թատրոնի կողքին ԿԳՄՍՆ-ն է կանգնել, կարողացել են մեկնել Լիբանան: Հյուրընկալ կողմը լուծել է հյուրախաղերի հետ կապված հնարավոր բոլոր հարցերը բեմի ձևավորումից մինչև դերասանների կեցությու ժամանց:
Լյուդվիգն ասում է, երբ դեռ հյուրչախաղերը խոսակցությունների մակարդակում էր, անիրական էին համարում, անհնար: Գյումրիից միայն դերասաններն էին մեկնելու, ներկայացումների դեկորացիաներն ու բեմի ձևավորումն իրականացվելու էր տեղում:
Բայց դա էլ կարողացան հաղթահարել, քանի որ վստահ էին իրենց նպատակի և առաքելության մեջ:
«Հայ համայնքի համար օտար երկրում հայերենով, մեր չքնաղ մայրենիով ներկայացում խաղալը շատ կարևոր է մեզ համար: Փորձելու ենք շարունակականությունն ապահովել»,-զրույցն եզրափակում է դրամատիկականի տնօրենը:
Գյումրու դրամատիկականի լիբանանյան հյուրախաղերը մեկնարկել են հունիսի 6-ին և կընթանան մինչև 13-ը:
Կարծիքներ