G7-ի երկրները 15 մլրդ դոլար կտրամադրեն աղջիկների դպրոցական կրթությանը

G7-ի երկրները 15 մլրդ դոլար կտրամադրեն աղջիկների դպրոցական կրթությանը

Մեծ յոթնյակի երկրները (G7) նախատեսում են առաջիկա երկու տարիների ընթացքում 15 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներում աղջիկների դպրոցական կրթությանը: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:

G7- ի անդամ երկրները հույս ունեն, որ հատկացված միջոցների շնորհիվ մինչև 2026 թվականը ցածր եկամուտ ունեցող երկրների ավելի քան 40 միլիոն աղջիկներ կկարողանան դպրոց հաճախել, իսկ այդ երկրներից 20 միլիոն աղջիկներ մինչև 10 տարեկանը կսովորեն կարդալ։

«Աղջիկների կրթության մեջ ներդրումները ամենահեռանկարային ներդրումներից են, քանի որ օգնում են մարդկանց դուրս բերել աղքատությունից, խթանում են տնտեսական աճը, կյանքեր են փրկում և օգնում հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները: Երեխան, որի մայրը կարդալ գիտի, 50%-ով ավելի դեպքերում է ապրում մինչև հինգ տարեկան հասակը, 2 անգամ ավելի մեծ հավանականություն ունի դպրոց հաճախելու և 50 %-ով ավելի հավանական է, որ պատվաստվի, քան անգրագետ մայրերի երեխաները», – ասվում է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության այս հայտարարությունը հրապարակվել է G7-ի արտգործնախարարների հանդիպման նախօրեին։ Վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ G7-ի արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում մայիսի 3-ից 5-ը:

Բացի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարներից, հանդիպմանը հրավիրված են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի հասանելիության հարցը, համաձայնեցնել կլիմայի պաշտպանության հարցով գլոբալ հավակնոտ գործողությունները և սովի դեմ պայքարի նոր մեթոդներ մշակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում