Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ գալա համերգին: Այս տարի մրցույթն անցկացվել է «Ջութակ» մասնագիտական կարգում։

Ամփոփիչ գալա համերգի ընթացքում հայտարարվել են Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի դափնեկիրների անունները‚ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այս տարի առաջին մրցանակը նվաճել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան), իսկ երրորդ մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող Ռիո Արաին։

Առաջին մրցանակակիրը պարգևատրվել է 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Հաղթողը նաև հնարավորություն է ստանում 2025-26 թթ. համերգաշրջանի ընթացքում 1 համերգով հանդես գալու մրցույթի կողմից առաջարկվող նվագախմբի հետ։ Նա կպարգևատրվի նաև ջութակով՝ Ֆլորիան Լեոնհարդի «Fine Violin» ջութակի հավաքածուից։ Գործիքը մրցանակակրին կտրամադրվի մեկ տարով: Առաջին տեղի մրցանակակրին շնորհվել է նաև հատուկ մրցանակ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Էսթեր Հաֆների կողմից՝ «Haffnerbows» ընկերության արտադրության աղեղ։

Երկրորդ մրցանակակիրը պարգևատրվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նա հնարավորություն է ստանում երկու տարի ժամկետով ելույթ ունենալու Laureate Concert Group-ի կողմից տրամադրվող Strad ex-Huberman (1713) ջութակի կրկնօրինակով։

Երրորդ տեղը զբաղեցրած ջութակահարը պարգևատրվել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ ինչպես նաև մեկ ելույթի հնարավորություն է ստացել Բեռլինի Բլեքմոր համերգասրահում 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։

Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին. «Խաչատրյանի անվան մրցույթը հասել է այն մակարդակին‚ որ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է‚ և սա ձեռք է բերվել շնորհիվ տարիների ներդրած մեծ աշխատանքի։ Այս տարի մենք արդեն 20-րդ անգամ ենք ամփոփում մրցույթը‚ և շատ ուրախ եմ‚ որ մեր երկրում ունենք նման որակի և մակարդակի մրցույթ։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և վստահեցնում‚ որ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության համար պատիվ է նման մրցույթին աջակցելը‚ ինչը լինելու է շարունակական։ Թե՛ մրցույթին դիմողների մեծ թիվը‚ թե՛ ժյուրիի շատ հեղինակավոր կազմը վկայում են‚ որ մենք ամեն տարի նոր որակ ենք սահմանում‚ նոր բարձունքներ գրավում‚ և մրցույթի հաղթողները մեկ անգամ չէ‚ որ այս հաղթանակից ու այս բեմից հետո հանդես են գալիս աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում: Վստահ եմ‚ որ դեռ մեկ անգամ չէ‚ որ վայելելու ենք նրանց կատարումն ու արվեստը տարբեր բեմերից»։

Պարգևատրման արարողությունից հետո առաջին մրցանակակիր Տոմոտակա Սեկին մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Ելույթից հետո նա նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր մրցույթում ստանալ առաջին մրցանակը‚ իսկ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն ուղղակի հրաշալի է։ Նա շնորհակալություն հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին‚ որի օգնությամբ կարողացել է լավագույնս ներկայանալ ստուգատեսի ընթացքում։

Այս տարի Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին գլխավորում էր հայ անվանի ջութակահար, պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում էին Անա Չումաչենկոն (Գերմանիա)‚ Կո Գաբրիել Կամեդան (Գերմանիա)‚ Պետեր Չաբան (Ֆրանսիա)‚ Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան)‚ Վերա Ցու Վեյլինգը (Չինաստան)‚ Էսթեր Հաֆները (Ավստրիա)։

Նշենք‚ որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ավանդաբար անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում