ԵՄ-ն աջակցում է կրթության ոլորտի բարեփոխումներին․ 337 դպրոցների կտրամադրվեն բնագիտական լաբորատորիաներ
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո: Այդ գումարից 29.3 մլն եվրոն նախատեսվում է Հայաստանին տրամադրել դրամաշնորհային հիմունքներով՝ որպես բյուջետային աջակցություն: Ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ ևս 2.7 մլն եվրո: Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին 2 հիմնական ուղղություններով:
«Ներկայում գտնվում ենք հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրման գործընթացում, որի փորձարկման փուլը ևս իրականացվել է Եվրամիության գործընկերների աջակցությամբ: Այս բարեփոխման առանցքում նաև բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ կրթության որակի բարելավումն է: Մասնավորապես՝ այս ծրագրով նախատեսվում է, որ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները կունենան լաբորատորիաներ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, այդ դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն լաբորատորիաների գործարկման և լաբորատոր սարքերի օգտագործման ուղղություններով, ինչպես նաև հատուկ վերապատրաստումներ կստանան բնագիտական առարկաները նոր մեթոդներով դասավանդելու ուղղությամբ, ինչը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում է:
Կարևոր մյուս ուղղությունը, ըստ նախարարի, Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիությանն ուղղված՝ ծրագրի աջակցությունն է Կապան խոշորացված համայնքում կրթահամալիրների կառուցման գործընթացին և նոր գույքով հագեցմանը:
«Իհարկե, խոսքը նաև լաբորատորիաների մասին է, որն այս կրթահամալիրներին կտրամադրվի: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է, որ ծրագրի շահառու կլինի շուրջ 337 դպրոց: Հիշեցնեմ, որ բացի այս ծրագրից՝ Եվրամիության հետ սոցիալական ու տնտեսական համագործակցության պլանի շրջանակում Գորիս և Կապան խոշորացված համայնքներում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ստեղծում ենք սմարթ կենտրոններ, որոնք կդառնան այս տարածաշրջանում որակյալ կրթական համակարգի ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը: Այսպիսով, մարզում կունենանք ամբողջությամբ նոր կրթական միջավայր»,-փաստել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է Տավուշի մարզում մեկնարկած լաբորատորիաների ծրագիրը:
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Տավուշի մարզում այն իրականացվել է հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման շրջանակում, և մարզի բոլոր դպրոցները ստացել են անհրաժեշտ լաբորատորիաները. «Մենք ունենք գնահատման առաջին արդյունքները, որոնք ցույց են տալիս՝ լաբորատորիաների առկայության պայմաններում բնագիտական առարկաների ուսուցման մակարդակն էապես բարելավվում է»:
Վարչապետը հետաքրքրվել է նաև ՀՀ դպրոցներում տեղադրվող լաբորատորիաների ստանդարտներով՝ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են եվրոպական դպրոցների ստանդարտներին: Ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ դրանք բավականին բարձրորակ են և չեն զիջում եվրոպական դպրոցներում առկա լաբորատորիաներին:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ վերանայվել է լաբորանտների աշխատանքի նկարագիրը և հստակեցվել բոլոր դպրոցներում այդ հաստիքի անհրաժեշտության հարցը: Նախարարը կարևորել է նաև սարքավորումների պատշաճ օգտագործման անհրաժեշտությունը:
Վարչապետն անդրադարձել է նաև այս տարվա սեպտեմբերի 1-ից ԳՏՃՄ առարկաների ուսուցիչների աշխատավարձերի գործակցային բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարն այս թեմայի կապակցությամբ նշել է, որ սեպտեմբերից կմեկնարկի հավելավճարի նոր համակարգը բոլոր դպրոցների այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա. «Նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն: Համապատասխան կարգն արդեն շրջանառվել է. շուտով կհաստատվի, և սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի: Հիշեցնեմ, որ գյուղական փոքր դպրոցների համար ունեինք ևս մեկ հավելավճարի ծրագիր, որի արդյունքում, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչը, երկու ծրագրով էլ լրացուցիչ վարձատրություն կստանա»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Երևանի դպրոցներում լաբորատորիաների հիմնման հարցով: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ բացի այս ծրագրից՝ առկա է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ծրագիր, որի շրջանակում արդեն այս տարի Արմավիրի մարզի բոլոր դպրոցները կստանան լաբորատորիաները: Մյուս տարի նույն ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներն ապահովել լաբորատորիաներով, իսկ Երևանը և մնացած մարզերը՝ միջնաժամկետ ծախսային ծրագրով:
Կարծիքներ