Գյումրու միջազգային փառատոնը կանցկացվի բարձր մակարդակով. Գյումրիում էր Արա Խզմալյանը
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան թատրոններ ու թատերախմբեր ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Մի քանի օրից մեկնարկում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Գրում է «Հայկական ժամանակը»։
Մեկնարկի օրը ինքնանպատակ չի ընտրվել: Փառատոնը կբացվի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Գյումրի այցելած ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, հենց այդ օրը մենք հաստատելու ենք մեր ստեղծարարար, մշակութային լինելը, մեր վերածնված ու հեռանկար ունեցող ազգ լինելը:
Մշակույթի ապակենտրոնացումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է: ԿԳՄՍՆ-ն արդեն տևական ժամանակահատված հենց այս սկզբունքով է կողմնորոշվում և պետական դրամաշնոհների տրամադրման համար պարտադիր պայման է սահմանված գրեթե ամբողջական կամ մասնակի իրականացումը Երևանից դուրս:
«Մշակույթի ապակենտրոնացումը, հասանելիությունը, ներառականության ապահովումը կարևորագույն առաջնահերթություններից են: Եվ վերջին տարիներին այս առումով քիչ բան չի արված: Դրա վկայությունն են Չինարիում անցկացված միջազգային գիտաժողովը, Օպերայի և բալետի թատրոնի աննախադեպ այցը Վանաձոր և հոբելյանական թատերաշրջանի բացումը, հիմա նաև այս միջազգային փառատոնը: Հույս ունենք, որ այն կդառնա ամենամյա փառատոն, և կիրականացվի ոչ միայն Գյումրիում, այլ մյուս մարզերում և քաղաքաներում ևս»,-ասաց փոխնախարարը:
Փառատոնի հեղինակ և պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի գնահատմամբ, փառատոնն այս պահին կենսական նշանակություն ուներ Գյումրու համար: Ասում է, ներքուստ գիտեր, որ տեղի հանդիսատեսը բավական կտրված է մայրաքաղաքի մշակութային, թատերական կյանքից: Փոքր հարցմամբ էլ պարզվել է, որ նաև թատերական ինստիտուտի ուսանողները հաղորդակից չեն դրան:
«Երբ մենք սկսեցինք այդ 20 պաստառները փակցնել դրամատիկականում, ուսանողներից հարցրեցինք, թե քանիսին են ծանոթ, որոնք են դիտել: Շատ վատ պատկեր ունեցանք, քանի որ հազիվ 1-2-ն էին դիտել, այն էլ այն ներկայացումները, որոնք հյուրախաղերով եղել էին Գյումրիում»:
Երևանից դուրս չի նշանակում զիջում: Փոխնախարարն ընդգծում է՝ ընտրված են լավագույնները, գովազդային արշավն ու ցուցապաստառները պատրաստված են նույն կերպ, ինչպես դա արվում է Երևանում անցկացվող լավագույն միջազգային փառատոնի դեպքում:
«Գյումրու դրամատիկականը մնում է առաջատար: Ես մի շրջան գրեթե ամեն շաբաթ գալիս էի այստեղ ներկայացում դիտելու: Եվ շատեր են հատուկ գալիս են ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու»,-նշեց Խզմալյանը:
Դրամատիկականի հաջողությունը շեշտադրում է նաև Վիրաբյանն ու փոքր փակագծեր բացում անցած-գնացած դժվար օրերից:
«Ունեցել ենք դեպքեր, երբ դրամարկղի աշխատակիցը եկել, դերասաններին ասել է, գնացեք տուն, տոմս չվաճառվեց, կամ դերասանները շպարված, սպասում էին, որ գոնե 10 տոմս վաճառվի, որ կարողանան ներկայացում խաղալ: Եվ ունենք այսօրվա դրամատիկականը, երբ մարդիկ շաբաթներով տոմսեր են փնտրում, որ կարողանան հայտնվել Գյումրու դրամատիկականում: Սա թատրոնի պատիվն ու շնորհքն է»:
Այս փառատոնին մասնակցության հրավեր միջազգային շատ թատերախմբերի է ուղարկվել, սակայն առկա նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն եղել նրանց հյուրընկալելու համար: Վիրաբյանն ասում է, տեխնիկական հնարավորությունների առաջարկը շատերին է զարմացրել, որ դեռ այնպիսի տեխմիջոցներ են կիրառության մեջ, որոնց մասին իրենք կամ չգիտեն, կամ իրենց թանգարաններում են արդեն պահպանվում որպես ցուցանմուշ:
ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, հնարավոր ամեն առիթն օգտագործում են այդ բացերը լրացնելու համար: Միայն 2022-ին 1 մլրդ 250 մլն դրամ է հատկացվել նման խնդիրների լուծման համար: Առնվազն 30 տարի թատրոնների լուսաձայնային և տեխնիկական սարքավորումները չեն արդիականացվել, ինչքան էլ կապիտալ հատկացումներ արվեն, բացը մնում է զգալի հատկապես այն ժամանակ, երբ միջազգային համագործակցության քայլ է արվում: Խոսքը վերաբերում է նաև երաժշտական գործիքներին:
Գյումրու միջազգային փառատոնը Հայստանյան թատերական փառատոնային կյանքում ամենամեծ բյուջե ունեցողն է՝ 52 մլն դրամ: 43 մլն դրամը տրամադրել է ԿԳՄՍՆ-ն(3մլն դրամը վերադարձվել է որպես ԱԱՀ), 10 մլն դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանը, 1.5 մլն դրամ տրամադրել է Գյումրու համայնքապետարանը: Տոմսերի 30 տոկոս վաճառք է նախատեսված՝ 2000-5000 դրամի շեմ է ընտրված, հանդիսատեսի 70 տոկոսը ներկայացումները կվայելի հրավիրատոմսերով:
«Շատ կարևոր է, որ Երևանը իր ահռելի մշակութային բյուջեով մասնակից դառնա այս ամենին: Ասում ենք Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրի, որի տարեկան միջոցառումների բյուջեն 30 մլն դրամ է ընդամենը, այնինչ մայաքաղաքի նույն նպատակին հատկացվող գումարը 2 մլրդ դրամ և ավելի է:
Մենք էստեղ անելիք ունենք, չի կարելի հռչակել մշակույթի մայրաքաղաք և չտալ ֆինանսական հնարավորություն, մենք պետք է առնվազն այլ մեծ քաղաքների ֆինանսական ներուժն օգտագործենք, որ դա զուտ արտահայտություն չմնա»:
Փառատոնային ներկայացումներից հետո տեղի են ունենալու նաև «Գյումրին՝ միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ: Այս շրջանում Գյումրի կգան թատերախմբեր Իրանից, Ֆրանսիայից: Մայիսի 8-ին աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուան վարպետության դաս-քննարկում կանցկացնի Գյումրու թատերական ինստիտուտի ուսանողների հետ:
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրու դրամատիկականը չի մատնվի պարապուրդի: Նիկոլայ Ծատուրյանն ասաց դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հետաքրքիր քայլ է մշակել: Այդ օրերին մարզային հյուրախաղերով Գյումրու դրամատիկականը կլինի հանրապետության տարբեր քաղաքներում:
Ասուլիսն ավարտվեց գյումրվա հումորով: Տիգրան Վիրաբյանը նկատեց. «Լեփ-լեցուն դահլիճներ կլինեն, կգան, կնայեն ներկայացումները, դուրս գալուց գյումրեցները կասեն՝ բայց դե մերոնք ավելի լավ կխաղան»:
Նիկոլայ Ծատուրյանն էլ դիմեց Արա Խզմալյանին, ասաց Գյումրու թատրոնին ինչքան հնարավոր է լավ նայեք, շա՜տ լավ:
Կարծիքներ