Որոնք են ստամոքսի քաղցկեղի զարգացման պատճառներն ու հիվանդության մասին հուշող առաջին ախտանշանները
Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է ախտահարել մարմնի ցանկացած օրգանն ու հյուսվածքը։ Այս հիվանդության բարեհաջող բուժման համար հարկավոր է հնարավորինս շուտ այն հայտնաբերել ու միջոցներ ձեռնարկել, սակայն խնդիրն այն է, որ քաղցկեղի որոշ տեսակներ ախտորոշելն այդքան էլ հեշտ չի լինում, քանի որ դրանց ախտանշաններին մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում։
Քաղցեղի ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկը ստամոքսի քաղցկեղն է, որը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց լուրջ դրսևորումների՝ ի վերջո հանգեցնելով լուրջ խնդիրների։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները նշել են ստամոքսի քաղցկեղի առաջացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոններն ու դրա մասին հուշող առաջին ախտանշանները, որոնք կօգնեն հայտնաբերել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում։
Մասնագետների խոսքով՝ այս վտանգավոր հիվանդության զարգացմանը նպստող գլխավոր ռիսկային գործոնը Helicobacter pylori բակտերիան է, որն ախտահարում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի տարբեր հատվածները։ Բացի այդ, օնկոլոգիական այս հիվանդության զարգացմանն է նպաստում նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքասյին հիվանդությունը, որը զարգանում է ստամոքսի սեղմանի աշխատանքի խանգարման դեպքում ստամոքսի թթու պարունակության՝ կերակրափողում հայտնվելու հետևանքով։
Ստամոքսի քաղցկեղի զարգացման պատճառ կարող են դառնալ նաև ճարպակալումը, վիրահատությունները, ծխախոտի գործածությունը, քրոնիկ բորբոքումներն ու ժառանգական նախատրամադրվածությունը։ Բացի այդ, բավական հաճախ ստամոքսում չարորակ նորագոյացություններ են առաջանում հաստ աղիքում կամ կրծքագեղձում ուռուցքների առկայության դեպքում։
Այս հիվանդության մասին նախազգուշացնող առաջին ախտանշաններն են լինում ստամոքսի այրոցը, գխտոցը, սրտխառնոցն ու ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրները։ Մասնագետների խոսքով՝ այս ախտանշանների դեպքում հարկավոր ա անպայման դիմել մասնագետին։ Ընդ որում՝ բժիշկները նախազգուշացնում են, որ սկզբնական շրջանում հիվանդությունը կարող է զարգանալ առանց որևէ ախտանշանի և դրսևորվել դրանցով ավելի ուշ, ուստի այն ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնել։
Կարծիքներ