Երբե՛ք չունենաք մեղավորության զգացում գերի ընկնելու համար. Արտակ Հարությունյան

Երբե՛ք չունենաք մեղավորության զգացում գերի ընկնելու համար. Արտակ Հարությունյան

Մի քանի բան, որ շատ կուզեի ասել գերությունից վերադարձածներին, բայց ասելիքս իրենց դժվար թե հասնի։ Բայց էդ ասելիքս կուզեմ, որ լսեն նաև ֆեյսբուքյան ընկերներս ու ոչ միայն ընկերներս։

- Երբե՛ք չունենաք մեղավորության զգացում գերի ընկնելու համար։ Անկախ ցանկացած իրավիճակից դա ձեր մեղավորությունը չի։

- Եթե գերության ժամանակ թշնամուն ինչ-որ ինֆորմացիա եք տվել, վատ չզգաք դրա համար։ Եթե արել եք՝ լավ եք արել։

- Եթե ձեզ խոշտանգել են կամ փորձել նվաստացնել, մտքներիդ ծերով անգամ չանցկացնեք, որ ձեր արժանապատվությունը ոտնահարվել է։ Դուք արժանապատիվ, հերոս մարդիկ եք։ Միշտ գլուխներդ բարձր պահեք, մեջքներդ ուղիղ։

- Եթե ինչ-որ մեկը հանկարծ ու կփորձի ձեզ բուլինգի ենթարկել, ինչ-որ կերպ ծաղրել կամ վիրավորել ձեզ գերի լինելու կամ գերեվարության ժամանակվա ինչ-որ դրվագի համար, իմացեք, որ էդ ինչ-որ մեկը տականք ա, իսկ մարդկանց մեծամասնությունը էդ տականքին հաճույքով կչափալախեր։

- Երբե՛ք չմտածեք, որ իշխանությունը ձեզ լավություն է արել, որ բանակցել ու հետ է բերել։ Դա մեր պետության, հետևաբար նաև իշխանության պարտականությունն էր։ Ոչ մեկը ձեզ լավություն չի արել, այլ կատարել են իրենց պարտականությունը, դեռ գուցե մի բան էլ՝ ուշացած։

- Եթե ինչ-որ մեկից կողքից խոսակցություն կլսեք, թե ոնց կարելի էր ազեռի մարդասպան-երեխասպաններին ազատել, դրանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կմեղադրի իշխանությանը կամ ձեզ, հանկարծ ու չմտածեք ձեզ վատ զգալ։ Ձեր վերադարձի համար Հայաստանի Հանրապետությունն ինչ գին էլ վճարեր՝ արդարացված կլիներ, ում էլ ազատեր կամ վերադարձներ՝ արդարացված կլիներ։ Իմացեք, որ նման ակնարկներ անողները պարզապես սրիկա ու ստահակ են։

- Ես չեմ կարող պատկերացնել, թե դուք ինչերի մեջով եք անցել, ու թե ինչքան դժվար է լինելու հաղթահարել ձեր կրած դժվարությունների հոգեբանական ազդեցությունը, բայց ես գիտեմ որ դուք առավել, քան ուրիշ որևէ մեկը, ունեք իրավունք վերադառնալու կյանք, վայելելու կյանքը, ապրելու երջանիկ ու երկար։

Արտակ Հարությունյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում