Գյումրու դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացմամբ ազդարարեց 157-րդ թատերաշրջանի մեկնարկը

Գյումրու դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացմամբ ազդարարեց 157-րդ թատերաշրջանի մեկնարկը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ սեպտեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց Ուիլյամ Գիբսենի «Հրաշագործը» դրաման`ազդարարելով 157-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացումն իրականացվում է   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհի շրջանակներում: Ներկայացման գործընկերը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն է:

Ներկայացման բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է, բեմանկարաչությունը` Գարեգին Եվանգուլյանի, երաժշտական  ձևավորումը` Հայկ Իսրայելյանի, զգեստեները` Լուսինե Խաչատրյանի:

Մինչ պիեսի մեկնարկը բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման զոհերի հիշատակը: «2016 թվականին, երբ «Լիր արքա» էինք բեմադրում սկսվեց այն, ինչ սկսվեց, 2020-ին՝ «Վերելք» էինք բեմադրում, նորից նույնը ու մեր վարագույրը բացվեց, այսօր էլ մենք որոշեցին բացել մեր վարագույրը ու մենք շնորհակալ ենք, որ այստեղ եք, որովհետև մենք միշտ պետք է լինենք մեր խրամատներում ու մեր թատրոնի վարագույրը միշտ պետք է բացվի»,-շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ու  «Հայկական Կարիտաս»-ին այս կարևոր օրերին թատրոնի կողքին լինելու համար՝ նշեց Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

«Այս համագործակցությունը աննախադեպ է՝ երկու դերասանախմբեր միասին ստեղծել են ներկայացում, որը հավասարաչափ խաղալու են երկու թատրոններում: Սա ոչ միայն նոր խաղընկերներ ունենալու լավագույն փորձ է, այլ նաև նոր հանդիսատես,  էլ չեմ ասում, թե փորձերի ընթացքում ինչքա՜ն բան ենք իրարից սովորել: Սա հրաշալի ու  լավ փորձառություն է»- «Արմենպրես»-ին հայտնեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը՝ նշելով, որ ստեղծագործությունը վավերական պատմություն է՝ գիտնական, մաթեմատիկոս Հելեն  Քելերի մասին: «Պիեսը ցույց է տալիս, որ հրաշքը ցանկացած մարդ կարող է գործել, եթե կես ճանապարհին չի կանգնում, այնպես ինչպես ուսուցչուհին, ով իր նվիրվածության, կամքի, սիրո  ու համառության շնորհիվ կարողացավ կույր ու խուլ երեխային շփվել սովորեցնել»,- նշեց Նարինե Գրիգորյանը:

Հանդիսատեսը ներկայացումն ընդունեց հոտնկայս ու բուռն ծափերով:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում