Պատմությունը կրկնվում է. Կարիբյան ճգնաժամից 60 տարի անց բոլորը նորից խոսում են միջուկային պատերազմի մասին
Եկեք անկեղծ լինենք։ Երբ 1962 թվականին հաջողվեց մեծ ջանքերի գնով, նաեւ Անաստաս Միկոյանի միջնորդությամբ հաղթահարել, այսպես կոչված՝ Կարիբյան ճգնաժամը, ո՞ւմ մտքով կանցներ, որ ուղիղ 60 տարի անց ողջ աշխարհում կվերսկսվեն տագնապալի խոսակցությունները միջուկային պատերազմի հնարավորության մասին, եւ նույնիսկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի 12-ամյա տղան, ինչպես վկայում է ԲիԲիՍի-ն, կզանգահարի հորն ու կհարցնի. «Պա′պ, էդ ճի՞շտ է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ է լինելու»։
Այս խոսակցություններն, իհարկե, նոր չեն։ Դեռ մարտ ամսին, երբ Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում չէր էլ սկսվել, «Նյու Յորք թայմզը» հաղորդեց, որ Ամերիկայի իշխանությունները հատուկ խումբ են ստեղծում՝ միջուկային զենքի կիրառման հնարավորությունները եւ դրա հետեւանքներն ուսումնասիրելու համար։ Իսկ այս շաբաթ Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովը զգուշացրեց, որ չի կարելի թերագնահատել միջուկային զենքի օգտագործման հավանականությունը։ Որոշ մասնագետներ նույնիսկ կոնկրետ սցենարներ են նկարագրում, որոնցից մեկը, որքան էլ զարմանալի թվա, կապված է իր ագրեսիվությամբ երբեք աչքի չընկած Ֆինլանդիայի հետ։
Արդեն կասկած չի հարուցում, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունից տասնամյակներ շարունակ հրաժարվող սկանդինավյան այդ երկիրը մայիսի կեսերին Շվեդիայի հետ միասին այնուամենայնիվ դիմելու է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ հայցելով լիարժեք անդամություն։ Իհարկե, ոմանք կարող են ասել՝ հետո ի՞նչ, ՆԱՏՕ-ն միշտ էլ ընդլայնվել է։ Ուղիղ հինգ տարի առաջ կազմակերպության անդամ դարձավ Չեռնոգորիան, իսկ մինչ այդ պաշտպանական այդ կառույցում ընդգրկվեցին Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթիկայի երկրները, թեեւ Սովետի փլուզումից հետո Արեւմուտքը խոստացել էր չընդլայնել ՆԱՏՕ-ն վեպի արեւելք։ Բայց դա առանձին թեմա է, քանզի Արեւմուտքը ճիշտ Արութին Զիմզիմովի նման միշտ հակադարձում է՝ բարաթը, բարաթը ցույց տվեք, չկա փաստաթուղթ, ուրեմն ոչ մի պարտավորություն էլ չի եղել։
Այսինքն, միանգամայն իրական է դառնում այն կանխատեսումը, որ շատ շուտով ՆԱՏՕ-ն հյուսիսից էլ ընդհուպ կմոտենա Ռուսաստանի սահմանին ։ Իսկ դրանից հետո ո՞վ կարող է երաշխավորել, որ Ֆինլանդիայում միջուկային զենք չի տեղակայվի։ Չէ՞ որ մի շարք եվրոպական պետություններում նման զենք վաղուց արդեն կա։ Այդ պետություններն են՝ Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Իտալիան, ինչպես նաեւ Թուրքիան։ Ճիշտ է, նրանք բողոքում են։ Դեռ 2005 թվականին Բելգիայի պառլամենտի պատգամավորները պահանջեցին դուրս բերել միջուկային զենքը ոչ միայն իրենց երկրից, այլեւ ողջ Եվրոպայից։ Սակայն հակափաստարկը միշտ նույնն է՝ դա զուտ ամերիկյան զենք է, եւ միայն Վաշինգտոնը հնարավորություն ունի որոշում կայացնելու, այսպես կոչված՝ «կարմիր կոճակը» սեղմելու մասին։
Բայց կարելի՞ է արդյոք պնդել, որ էապես ոչինչ չի փոխվի, եթե Ֆինլանդիայի գեղատեսիլ լճերից մեկի մերձակայքում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ հայտնվեն։ Շատ բան կփոխվի, համոզված է Հրթիռային եւ հրետանային գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի թղթակից-անդամ, առաջին դասի պաշտոնաթող կապիտան Կոնստանտին Սիվկովը։ Մեջբերեմ. «Դա միանգամայն լուրջ վտանգ է։ Եթե Ֆինլանդիան մտնի ՆԱՏՕ, Սանկտ-Պետերբուրգից ոչ այնքան հեռու կհայտնվի մի երկիր, որը կարող է բալիստիկ հրթիռներ տեղակայել, որոնք ունակ են Ռուսաստանի տարածքում գտնվող նշանակետերին հասնել աննախադեպ կարճ ժամանակամիջոցում՝ ընդամենը 5-6 րոպեում։ Հաշվարկն այն է, որ Ռուսաստանը պարզապես չի հասցնի հասկանալ, թե ինչ է կատարվում», փաստում է Սիվկովը՝ ավելացնելով. «Բայց մեդալը հակառակ կողմ էլ ունի։ Եթե ինչ-որ սխալ տեղի ունենա, եւ հրթիռը պատահաբար արձակվի, Ռուսաստանը ժամանակ չի ունենա ստուգելու, թե իրականում ինչ է պատահել, եւ կարող է պատասխան հարված հասցնել Ֆինլանդիային միջուկային զենքով, իսկ դա արդեն կարելի է միջուկային պատերազմի սկիզբ համարել»։
Միակ մխիթարական հանգամանքը գիտե՞ք որն է՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների արդյունքը։ Հաստատ կզարմանաք՝ բայց ի՞նչ կապ ունի այստեղ Էմանուել Մակրոնի հաղթանակը։ Հիշենք, որ Ֆրանսիան այժմ Եվրամիության միակ երկիրն է, որն ունի սեփական միջուկային զենք։ Իսկ Մակրոնն օրերս հայտարարել է. «Առանց Ռուսաստանի հետ երկխոսության, խաղաղության հասնելն անհնար է։ Ռուսաստանի հետ պատերազմել՝ նշանակում է պատերազմել միջուկային տերության դեմ։ Մենք պետք է շատ զգուշավոր լինենք եւ միշտ գործենք միմիայն միջազգային իրավունքի շրջանակում»։
Այնուամենայնիվ, թույլ տվեք այս ծանր թեման ավարտել կատակային մի գրառումով, որը Ֆեյսբուքում արել է օգտատերերից մեկը. «Գիտե՞ք, թե ինչն է ինձ դուր գալիս այս համատարած միջուկային խուճապի պայմաններում։ Այն, որ հանգիստ կարող եմ պնդել՝ ոչ մի միջուկային պատերազմ էլ չի լինի։ Եւ եթե հանկարծ սխալ դուրս գամ, միեւնույն է՝ ոչ ոք ինձ չի մեղադրի։ Որովհետեւ մեղադրող չի լինի»։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա
Կարծիքներ