Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ մոտ 2,3 մլրդ դրամ գումարի չափով:
Գումարը կուղղվի շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին։ Նշված 93 մանկապարտեզի համար նախատեսվում է ձեռք բերել 122 անուն նոր գույք, շահառու է հանդիսանում նախադպրոցական հաստատությունների ավելի քան 9400 սան:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության «Մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում: «Այս որոշմամբ վերաբաշխվող գումարներն արդեն իսկ նախատեսված էին 2024 թվականի բյուջեով, սակայն դրանք չբաշխված գումարներ էին, և մանկապարտեզների ցանկերը ճշգրտվելուց հետո գումարները բաշխվում են՝ ըստ յուրաքանչյուր մանկապարտեզի գույքի ձեռքբերման: 2023 թվականի ավարտի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական հաստատությունում. այս պահին այդ թիվն ավելի մեծ է՝ 159 հաստատություն: ՏԿԵ նախարարության գործընկերների հետ աշխատանքների արդյունքում առանձնացրել ենք այն հաստատությունները, որոնց շինարարությունն ավարտվել է կամ ավարտվում է այս տարի, և ունեն գույքով ապահովման խնդիրներ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով որոշմամբ նախատեսվում է գույքով ապահովել 93 մանկապարտեզ, որոնցից 5-ը՝ Արագածոտնում, 4-ը՝ Արարատում, 28-ը՝ Արմավիրում, 2-ը՝ Գեղարքունիքում, 14-ը՝ Լոռիում, 10-ը՝ Կոտայքում, 20-ը՝ Շիրակում, 3-ը՝ Սյունիքում և 7-ը՝ Տավուշում։ Այդ մանկապարտեզներից 25-ը նորակառույց է, 14-ը՝ վերակառուցված, 54-ը՝ հիմնանորոգված:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մանկապարտեզները կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել են տարբեր ծրագրերով, մասնավորապես՝ սուբվենցիոն ծրագրերով՝ 74 մանկապարտեզ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով՝ 6 մանկապարտեզ, անհետաձգելի ծրագրով՝ 3 մանկապարտեզ, «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ 2 մսուր-մանկապարտեզ, բարեգործական ծրագրերով՝ 8 մանկապարտեզ։
Մանկապարտեզների գույքի ձեռք բերման նպատակով ՀՀ մարզպետարաններն արդեն իսկ մեկնարկել են գնման գործընթացները։
Որոշմամբ գումար է հատկացվում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի նպատակով։ Մանկապարտեզն ընդգրկվել է 500 մանկապարտեզի ցանկում՝ անհետաձգելի ծրագրերի շրջանակում։ Մանկապարտեզի հիմնանորոգման համար կազմվել են ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև Վարդենիսի համայնքապետարանի կողմից կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք առկա են գույքի ձեռքբերման ստանդարտներ, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ միասնական ստանդարտի են բերվել գույքի թե՛ անվանացանկը, թե՛ տեխնիկական բնութագրերը: «Նախկինում ունեցել ենք իրավիճակ, երբ տարբեր ծրագրերի շրջանակում համայնքների կողմից ձեռք է բերվել գույք, որը, սակայն, միասնական ստանդարտի և որակական հատկանիշների համապատասխանեցման խնդիր է ունեցել: Արդեն ունենք նախարարի առանձին հրամանով հաստատված անվանացանկ և տեխնիկական բնութագրեր, որոնք մանրակրկտորեն վերանայվել են: Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որպեսզի թե՛ որակական պահանջները և թե՛ գույքի քանակը համադրվեն շենքերի հզորությունների և տարիքային խմբերի հետ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ներկայում առանձին աշխատանքներ են արվում ուսումնադիդակտիկ նյութերի բնութագրերի ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ փոխվել է նաև նախադպրոցական կրթության չափորոշիչը, և այդ նյութերը համապատասխանեցման կարիք ունեն:
Վարչապետը, որպես ծրագրի կարևոր մարտահրավեր նշելով գույքի որակը, միաժամանակ փաստել է, որ մանկապարտեզների ավելի քան 95 տոկոսը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով, որոնցում Կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է առնվազն 70 տոկոս, տեղ-տեղ՝ մինչև 85 տոկոս:
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Կառավարությունը կարևոր քաղաքականություն է վարում մանկապարտեզների սաների տարիքն իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու առումով. «Ներկայում փորձնական ծրագիր ենք սկսել՝ դրանում ընդգրկելով Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներ՝ իրականացնելու 1 տարեկանից սկսած երեխաների ընդունելություն: Փորձարկման արդյունքներով ծրագիրը կտարածվի նաև հանրապետության այլ մանկապարտեզներում՝ դրանով կրթությունը հասանելի դարձնելով ավելի փոքր տարիքի երեխաներին»:
Կարծիքներ