Ներկրողները մաքսատունը որպես «ստայանկա» են օգտագործում. նոր նախագիծ

Ներկրողները մաքսատունը որպես «ստայանկա» են օգտագործում. նոր նախագիծ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ՊԵԿ հյուսիսային մաքսատանը պահվող ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար 1600 դրամի փոխարեն դարձնել 5000 դրամ։

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ Գյումրիում օրական մինչև 500 մեքենա կարող են մաքսազերծել, այսօր ամեն օր մոտ 160 մեքենա է ներմուծվում Հայաստան, բայց օրական կտրվածքով 130-ն է ներկայացվում մաքսազերծման․ «Տարբերությունը բերում է մեքենաների կուտակմանը։ Սա է մեր նախագծի նպատակը, որպեսզի կուտակում չլինի... Մենք այսօր հնարավորություն ունենք սպասարկել, դիմողները չեն գալիս, իրենց ձեռք է տալիս, որպես «ստայանկա», այնտեղ մեքենան կանգնեցնեն»,- մանրամասնել է նա։ 

Ըստ նրա՝ մեքենա ներկրողներին շատ ավելի ձեռք է տալիս, որ այն կանգնի, քան ներկայացնեն մաքսային ձևակերպման. «Ներմուծողը եթե այդ մեքենան բերել է օտարելու համար, քանի դեռ չի գտել իր գնորդին, մեքենաները կայանում է այնտեղ։ Կայանման տուրքը բարձրացնելով՝ մենք շահագրգռելու ենք, որ մաքսային ձևակերպման ներկայացնեն մեքենան․ մենք սպասարկելու հնարավորություն ունենք։ Նախագծով առաջարկվող կարգավորումն իր նպատակին ծառայելու է»,- ասել է նա։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ նշել է․ «Քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաներ են բերում ոչ թե սեփական կարիքների, այլ վերավաճառելու նպատակով, այդ մարդկանց ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել՝ մինչև գնորդ կհայտնվի, և միանգամից, գործարք կատարելու ժամանակ, մաքսազերծել։ Այդ ողջ ընթացքում մեքենան թողնում են Գյումրիի մաքսատան տարածքում, քանի որ վճարը համեմատաբար էժան է»։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ քննադատել է նախագիծը՝ ասելով. «Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի մատերիալի է վերածվել, այլ նաև՝ տուրքի: Եթե նայենք պետական եկամուտների աճը, ամենամեծ աճը, եթե չեմ սխալվում, տուրքերի աճն է: Եթե 50%–ով է ծանրաբեռնված, էդ դեպքում ինչու՞ ենք ուզում 1600-ը սարքել 5000, եթե նպատակը զուտ ֆիսկալ չի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում