Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում համալիր ստուգումներ են անցկացվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում համալիր ստուգումներ են անցկացվել

Ապրիլի 2-ից 4-ը ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում է եղել։

Աշխատանքային այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։ Աշխատանքային խմբում ներգրավված են եղել ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ, ովքեր ըստ ուղղությունների իրականացրել են ուսումնասիրություններ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մեկնարկը տրվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունով, որին ներկա են եղել վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։

«Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար փ/ծ գնդապետ Կարապետյանը ներկայացրեց, որ աշխատանքային այցի նպատակը տեսագործնական գիտելիքների ու հմտությունների բարելավումն է, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական-մասնագիտական խորհրդատվության ցուցաբերումը։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացրեց աշխատանքային օրակարգը, 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների արդյունքները և վարչության գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, վեր հանվեցին առկա խնդիրները և նախանշվեցին աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցության ավարտին հաջորդեցին այցերը մարզային ենթակայության ստորաբաժանումներ։

Այցի շրջանակներում Տնօրենի տեղակալը եղավ մարզային փրկարարական վարչության Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների և հատուկ ջրափրկարարական ջոկատի տարածքում, զրուցեց անձնակազմի հետ, հետևեց ծառայության կրման պայմաններին։

Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։

Ջոկատներում հայտարարվեց տագնապ և անձնակազմի հավաք: Ստուգվեցին ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։

 

Այնուհետև, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատում, անակնկալ կերպով անցկացվեց «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում» թեմայով հատուկ-տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակն էր իրատեսական պայմաններում ստուգել հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական հնարավորությունները, ինչպես նաև մարտական պատրաստվածությունը։

Տրվեց պայմանական «Տագնապ» ազդանշան և դեպքի վայր մեկնեցին 2 մարտական հաշվարկ, որոնք տեղում իրականացրեցին տարածքի հետախուզում, կազմակերպեցին փրփրահեղուկի գրոհ այրվող վառելանյութի հատվածում, իսկ երկրորդ մարտական հաշվարկը կազմակերպեց հրդեհաշիջում՝ ջրով։

Վարժանքի ավարտին մասնագետները, վերլուծելով արդյունքները, տեղում վեր հանեցին թերացումները և մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերեցին անձնակազմին։

Այցի ավարտին աշխատանքային խմբի ղեկավարը հորդորեց հետևել մասնագետների ցուցումներին, տվեց հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում