Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ցուցադրությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրության նպատակն է մեկդարյա հեռավորությունից վեր հանել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախների բեղուն գործունեությունը, որն ընդհատվել է Հայոց ցեղասպանության հետևանքով:
Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեսուն բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր, դպրոցական պարագաներ, որոնք ձեռք են բերվել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող տարբեր հաստատությունների արխիվներից, թանգարաններից, գրադարաններից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից:
Ներկայացված բնօրինակ վկայականներում կարևոր տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող մեկ տասնյակից ավելի վկայագրերը, ինչպես նաև ուղեկցող փաստագրական հարուստ նյութը, որոնք փաստացի վկայություններն են Օսմանյան կայսրության հայկական վարժարանների երբեմնի գոյության:
Ցուցահանդեսում իրենց վկայագրերով տեղ են գտել արևմտահայ այնպիսի հայտնի կրթօջախներ, ինչպիսիք են՝ Կարինի (Էրզրում) «Սանասարեան» (1881-1915 թթ.), Վանի «Երամեան» (1878-1915 թթ.), Վասպուրականի կեդրոնական/կենտրոնական (1881 թ.), Խարբերդի Ազգային կեդրոնական/կենտրոնական կամ Թլկատինցու (1887-1915 թթ.), Սեբաստիայի «Արամեան» (1895-1914 թթ.), Այնթապի ազգային «Հայկանուշեան» (1877-1915 թթ.), Կեսարիայի «Կյումշեան» (1826-1915 թթ.) և այլ վարժարաններ:
Առանձին բաժին է նվիրված Կ.Պոլսի հայկական վարժարաններին, որտեղ ուսանել են Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած արևմտահայ հայտնի մտավորականներ: Ավարտական վկայականներից մի քանիսը պատկանում են արևմտահայ հայտնի մտավորականներ Ռուբեն Սևակին, Դանիել Վարուժանին, Միսաք Մեծարենցին (Մեծատուրյան), Թադեոս Մանկասարյանին, Ռաֆայել Շիշմանյանին:
Առանձին բաժնով ներկայացված են նաև կայսրության միսիոներական դպրոցները՝ «Արմենիա» (հետագայում «Եփրատ») քոլեջը (1878-1915 թթ.) Խարբերդում, Այնթապի, Ադաբազարի «Հայուհեաց» բարձրագույն (1885-1915 թթ.) վարժարանը, Տարսոնի Սուրբ Պողոս ինստիտուտը (1888-1915 թթ.), Պարտիզակի բարձրագույն վարժարանը, Սեբաստիայի ուսուցչական ամերիկյան դպրոցը՝ «Normal School»-ը (1880-1915 թթ.) և ուսուցչական քոլեջը («Teachers’College», 1912-1915):
Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը:
Կարծիքներ