«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ. մանրամասներ

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 10-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։

Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

«Հայկական ժամանակ»-ի Ստեփանավանի աղբյուրները հայտնում են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյուլագարակի «Հեքիաթներ» կոչվող ռեստորանում: Վիճաբանողներից երկուսը՝ Ա. Գևորգյանը և Մ. Չերքեզյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր-ակտիվիստներ են, իսկ երրորդ անձը՝ Ա. Ղարաքեշիշյանը, եղել է նույն կուսակցության համակիր, իսկ այժմ փոխել է քաղաքական հայացքները և սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք միասին ճաշել են նշված ռեստորանում, ապա Ա. Գևորգյանը և Մ. Չերքեզյանը վիճաբանել են Ա. Ղարաքեշիշյանի հետ, ծեծել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջիններս փորձել են կոծկել այս դեպքը, սակայն ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի մանրամասները ու հայտնաբերել նրանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում