«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Դիլիջանի խորհրդանիշներից մեկը՝ «Անտառի արքա» բացառիկ ծառաքանդակն արդեն ունի ցուցատախտակ, իսկ QR կոդերի միջոցով զբոսաշրջիկը ծանոթանում է ոչ միայն ծառի ստեղծման աուդիո պատմությանը, այլև քանդակագործ Արա Սարգսյանի գործունեությանը։ Նախաձեռնությունը «Սարեր» մշակութային ՀԿ-ինն է և Արա Սարգսյան տուն-թանգարանի աջակցության հիմնադրամինը։ Նախագիծն իրականացվել է «Գրին Ռոք»-ի աջակցությամբ։

Ցուցատախտակի տեղադրումը կարևոր քայլ է քաղաքի մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջային գրավչության զարգացման ուղղությամբ։ Տասնամյակներ շարունակ Դիլիջանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող այս յուրահատուկ արվեստային գործն այսուհետ նոր ձևաչափով կներկայանա հանրությանը՝ ընդգծելով նրա պատմական, մշակութային և գեղարվեստական արժեքը։

«Անտառի արքան» Արա Սարգսյանի քանդակած եզակի ստեղծագործություն է, որը նա տեղադրել է Դիլիջանում անմիջապես ծառի վրա՝ կենդանի ճյուղերի մեջ։ Սա արվեստի և բնության ներդաշնակ միաձուլման հազվադեպ օրինակ է կերպարը կարծես դառնում է անտառի մի մասը։ Քանդակը պատրաստված է թրծած շամոտից և արդեն շուրջ 60 տարի պահպանվում է անձրևի, ձյան ու քամու տակ՝ մնալով Դիլիջանի ոգու կենդանի խորհրդանիշը և վարպետի՝ բնության հանդեպ խոր հարգանքի արտահայտությունը»,- բացման արարողությանն ասաց Արա Սարգսյան տուն-թանգարանի տնօրեն, տուն-թանգարանի աջակցության հիմնադրամի հիմնադիր և քանդակագործի թոռնուհի Աննա Սարգսյանը։

«Անտառի արքան» բացառիկ օրինակ է, որտեղ միահյուսվում են բնությունն ու արվեստը՝ արտահայտելով Դիլիջանի բնաշխարհին բնորոշ ոգին և ինքնությունը։ Ցուցատախտակի տեղադրումը հնարավորություն է տալիս այցելուներին առավել ամբողջական ծանոթանալ քանդակի ստեղծման պատմությանը, գաղափարական նշանակությանը և նրա ունեցած դերին քաղաքի մշակութային հիշողության ձևավորման մեջ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն արվեստային ժառանգության պահպանմանը, այլև մշակութային տուրիզմի խթանմանը։

 «Սարեր» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովայի գնահատմամբ էլ մենք հաճախ չենք պատկերացնում, թե որքան գանձեր են թաքնված Հայաստանի գողտրիկ անկյուններում և ինչպիսի սիրով են արվեստի գործիչները վերաբերվել հայրենի հողին։

«Անտառի արքան»  այդպիսի մոտեցման վառ օրինակն է։ Ժամանակին դիլիջանյան զովացուցիչ անտառների խորհրդանիշն ու պահապանը դարձած այս  քանդակն անարդարացիորեն մոռացության էր մատնվել: Բայց հիմա, այս գեղեցիկ նախագծի շնորհիվ, մենք ուրախ ենք հիշեցնել Դիլիջանի բնակիչներին և հյուրերին ծառաքանդակի գոյության մասին։ Այժմ շատերը կիմանան «Անտառի արքայի» մասին և, համոզված եմ՝ կցանկանան գրկել մեր արքայական ծառն ու լցվել նրա ուժով։»

Ցուցատախտակը «Անտառի արքան» կդարձնի Դիլիջանի մշակութային երթուղիների կարևոր կանգառներից մեկը՝ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տեղացի այցելուների, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Դիլիջանը ոչ միայն բնության և հանգստի, այլև մշակութային ինքնատիպ միջավայրի քաղաք է, որտեղ արվեստի յուրաքանչյուր խորհրդանիշ պատմում է քաղաքի անցյալի, ներկայի և ապագայի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում