ԿԳՄՍ փոխնախարարն ու հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ոլորտում առկա խնդիրները

ԿԳՄՍ փոխնախարարն ու հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ոլորտում առկա խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկմանը ներկա են եղել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ստաս Նազարյանը, նախարարության և այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետության կողմից հաշմանդամային սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումից հետո, բնական է, պահանջները ևս մեծանում են՝ դրանց վերաբերյալ հետևողական մոտեցում ենթադրելով:

2022 թվականին հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով պետական ֆինանսավորմամբ նախատեսված է եղել ավելի քան 112 մլն դրամ. փաստացի ծախսվել է 82 մլն 500 հազար դրամ: 2023 թվականին պետական բյուջեով հաստատվել է 127 մլն դրամ ֆինանսական աջակցություն՝ ֆեդերացիաների ներկայացրած միջոցառումների ցանկի հիման վրա:

Հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են ադապտիվ սպորտի զարգացմանն ուղղված քայլերի միասնական և համակարգված մոտեցման անհրաժեշտությունը: Նրանք ներկայացրել են 2022 թվականին իրականացրած միջոցառումները, գրանցած արդյունքները և խոսել նաև այս տարի նախատեսված ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձեր են կատարվել անվասայլակով բասկետբոլի, պարաաթլետիկայի, պարածանրամարտի, պարաբազկամարտի, հաշմանդամային սեղանի թենիսի և մի շարք այլ մարզաձևերում իրականացված աշխատանքներին: Ընդգծվել է, որ միջազգային մրցաշարերի մասնակցության համար մարզիկների ընտրությունը պետք է կատարվի՝ հիմնվելով Հայաստանի առաջնությունների արդյունքների վրա:

«Սպորտում կան մրցումներ՝ հստակ չափորոշիչներով: Մրցման մեջ է որոշվում, թե ով է ուժեղ, ով՝ թույլ և ով պետք է մեկնի մրցման: Որոշ կազմակերպություններ, չանցկացնելով Հայաստանի առաջնություններ, ձևավորում են ազգային հավաքականներ: Սա անընդունելի է: Պետք է բացառենք այսպիսի տարերային բնույթով հավաքականների կազմերի ընտրությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հարաբերությունները դարձնելով ավելի թափանցիկ և գործընկերային, ինչպես նաև երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ բացառելով խտրական և կողմնակալ վերաբերմունքը:

Նշվում է, որ մինչև 2019 թվականը պետական ֆինանսական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտով զբաղվող ընդամենը 4 հասարակական կազմակերպություն, իսկ դրամական աջակցության ընդհանուր չափը կազմել է մոտ 9 մլն դրամ, որը կարող էր ավելանալ՝ տվյալ տարում Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերի առկայությամբ պայմանավորված:

2022 թվականին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով իրականացվել են Հայաստանի 9 առաջնություն, ուսումնամարզական 3 հավաք, զանգվածային 3 միջոցառում: Հաշմանդամություն ունեցող մարզիկները մասնակցել են միջազգային 9 մրցման, նվաճել 15 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում