Չդիմեցինք ՀԱՊԿ-ին, ստացանք անվտանգության երաշխիք Ռուսաստանից
Փաշինյանի նամակը Պուտինին
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:
Ի՞նչ է սահմանում պայմանագրի 2-րդ հոդվածը
Նշենք,որ «Բարեկամության համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է` «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:
Ի՞նչպես ընկալել Պուտինի պատասխանը
Ի պատասխան նամակի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց՝ Հաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք։
Այս հայտարարությունը կրկին տարատեսակ քննարկումների ու քննադատությունների պատճառ է դարձել, կարծես թե, չեն արդարացել սպասելիքները ՌԴ-ից, սակայն ինչպես պնդում է քաղաքագետ Հովսեփ Բաբայանը, այսպիսի գործընթացներին ստատիկ նայել պետք չէ։ Էնպես չէ, որ Փաշինյանն առավոտ արթնացել ու որոշել է նամակ գրել Պուտինին։ Սա գործընթաց է, որը նախապես քննարկվում ու համաձայնեցվում է։ ( Խմբ․ Կան բաց և փակ հայտարարություններ)։
«Կարծես թե սա փակ հայտարարություն էր, որը բացելու դեպքում հասկանում ենք, որ պահելով սիմվոլիկան՝ ՌԴ հայտարարությամբ նախ ապահովագրվեց Հայաստանը, ապա Ադրբեջանին ու Թուրքիային ևս մեկ անգամ պաշտոնապես հասցվեց մեսսիջ, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանին։ Պիտի հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը մինչ էս էլ օգնում էր մեզ, դրա ապացույցները կան»,- նշում է քաղաքագետը։
Ի՞նչու ՀՀ-ն չի դիմում ՀԱՊԿ-ին
Այս նամակից հետո կրկին ակտիվացավ հարցը, թե ինչու Փաշինյանը դիմեց ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ՌԴ-ին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Սեպտեմբերի 30-ին հայտարարեց, որ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա նշել էր, որ Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը։
«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է։ Շատ դժվար է խոսել այն մասին, թե երբ է ժամանակը դիմել: Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգեր գործարկելն այլ հարց է։ Հայաստանի Զինված ուժերը կարող են պաշտպանել երկրի անվտանգությունը», - ասել է Փաշինյանը։
«ՀԱՊԿ-ին չի դիմել մի պարզ պատճառով, որ ՀԱՊԿ-ում կա 6 պետություն, որոնց մեջ կան երկրներ, որոնք գուցե դեմ արտահայտվեն։ (Խմբ․ 2-ն ընդգծված ադրբեջանամետ են՝ Բելառուսն ու Ղազախստանը)։ Այս 6 պետությունների մի սեղանի շուրջ նստելն ու հայամետ որոշում կայացնելը երկար ու ձգձգվող գործընթաց է։ (Խմբ․ Ռուսաստանը գիտակցում է, որ ՀԱՊԿ-ը մեծ հավանականությամբ չի օգնի անդամ երկրին, որից հետո կազմակերպությունը կհեղինակազրկվի)։ Հենց այդ պատճառով ավելի հեշտ, արագ ու արդյունավետ գործընթաց էր, որ Հայաստանը Ռուսաստանին առանձին դիմեր»,-ասում է Բաբայանը։
ՀԱՊԿ-ի պարտավորությունները
Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին։ Անդամակցում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Բելառուսը։
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:
Կարծիքներ