Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի Իսրայելի հարձակման ընթացքում. Reuters

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջնորդ հանդիսացող Կատարին և Օմանին հայտնել է, որ պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը հարվածներ է հասցնում երկրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է համապատասխան շփումներից տեղյակ մի պաշտոնյա, որի անունը չի նշվում։
«Իրանցիները տեղեկացրել են Կատարի և Օմանի միջնորդներին, որ իրենք լուրջ բանակցություններ կվարեն միայն այն բանից հետո, երբ Իրանն ավարտի իր պատասխանը Իսրայելի կանխարգելիչ հարվածներին», - ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ Իրանը «հստակ հասկացրել է, որ չի բանակցելու, երբ հարձակման տակ է գտնվում»։
Պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Իրանը դիմել է Օմանին և Կատարին, որպեսզի նրանք ԱՄՆ-ին ներգրավեն հրադադար հաստատելու գործում և վերսկսեն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
Իրանի, Կատարի և Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունները չեն արձագանքել այս թեմայի շուրջ մեկնաբանություն տալու Reuters-ի հարցմանը։
Օմանը վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների միջնորդ էր հանդիսանում, սակայն բանակցությունների վեցերորդ փուլը, որը պետք է կայանար հունիսի 16-ին, չեղարկվել է հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների պատճառով։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները մեկը մյուսի տարածքին։
Կարծիքներ